Մատչելիության հղումներ

Գազի պայթյունից զոհվել է երկու մարդ


Հունվարի լույս 11-ի գիշերը մոտավորապես ժամը 1-ի սահմաններում Երեւանի Ծովակալ Իսակովի, 10 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով փլուզվել է երկու տուն: Երկու մարդ մահացել է:

Ըստ նախնական վարկածի, պաթյունը տեղի է ունեցել բալոնից գազի արտահոսքի հետեւանքով: Այն տանը, ուր տեղի է ունեցել պայթյունը, զոհեր չկան: Տան անդամները՝ 3 մարդ, ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Պատկից տան փլատակների տակ են մնացել եւ տեղում մահացել Իրինա Կարեյանը՝ 35 տարեկան եւ նրա դուստրը՝ Աննա Կարեյանը՝ 18 տարեկան: 15-ամյա Ալեն Կարեյանին փրկել են արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման ջոկատի փրկարարները:

Կոտրվածքներ ստացած Ալեն Կարեյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել: Բժիշկների հավաստմամբ, Ալեն Կարեյանի կյանքին վտանգ չի առնում:

Դեպքի առնչությամբ Կենտրոն համայնքի դատախազությունում հարուցված է քրեական գործ: Պայթյունի հանգամանքները պարզվում են:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին նաեւ, որ երեկ երեկոյան ժամը 19-ի սահմաններում Երեւանի Կուզնեցովի փողոցի 9-րդ շենքի բակում ավտոմատի կրակահերթից սպանվել է Նորայր Թորոսյանը՝ Երեւանի «Պետական հանրախանութ» բաժնետիրական ընկերության փոխտնօրենը:

Անհայտ հանցագործը փախուստի է դիմել՝ դեպքի վայրում թողելով է ԱԿՍ տիպի ավտոմատը: Վիրավորված Թորոսյանին հասցրել են տեղափոխել հիվանդանոց, ուր նա առանց գիտակցության գալու մահացել է:

Դեպքի վայրի տեղազննությամբ հայտնաբերվել է ավտոմատը, մեկ պահունակ եւ 7 պարկուճ: Կենտրոն համայնքի դատախազությունում հարուցված է քրեական գործ: Վարկածներ դեռեւս չեն հրապարակվում, ձերբակալվածներ չկան:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG