Մատչելիության հղումներ

Վկաները շարունակում են հակասական ցուցմունքներ տալ


Այսօր տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած սպանության գործով չորրորդ դատական նիստը: Դատակոչված 30 վկաներից հարցաքննվել են 13-ը, եւ առայժմ հարցաքննված վկաները շարունակում են հակասական ցուցմունքներ տալ:

Շտապ օգնության բժիշկ Արմեն Շահինյանն այսօր դատարանում ասաց, որ սպանվածին զննելուց հետո մահվան պատճառների մասին հրապարակավ ոչինչ չի ասել: Սրճարանի տնօրեն Գեւորգ Շահինյանը, սակայն, դատական առաջին նիստում ցուցմունք է տվել, որ Պողոս Պողոսյանը սրտի կաթվածից է մահացել, որովհետեւ իրեն այդպես է ասել շտապ օգնության բժիշկը:

Շահինյանը նաեւ ասել էր, թե սրճարանում մայկաներով անձինք ընդհանրապես չեն եղել, թեեւ երեկ դատարանում վկա Նեդա Դալալյանը վկայեց, որ քաշքշուկին հենց նման երիտասարդներ էին մասնակցում:

Այսօր ներկայացած վկաներից երկու երաժիշտ առհասարակ տեղյակ չեն եղել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել «Առագաստ» սրճարանում սեպտեմբերի լույս 25-ի գիշերը նախագահի Քոչարյանի եւ Շարլ Ազնավուրի հեռանալուց հետո: Ստեփան Ռոստոմյանը նույնիսկ զարմացել էր, թե իրեն ինչու են դատարան հրավիրել, այն դեպքում, երբ ինքը ոչինչ չէր տեսել, որովհետեւ դեպքից առաջ էր հեռացել սրճարանից: Տեսել էր միայն Ազնավուրին եւ անկեղծորեն խոստովանեց, որ նույնիսկ նախագահին չէր նկատել:

Իսկ որոշ ականատես վկաներ ընդհանրապես չեն հարցաքննվել: Օրինակ, այն օտարերկրացին, որ առաջինն է օգնություն կանչել եւ հայտարարել, որ թիկնապահները մարդ են սպանել: Կամ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը դեպքից երկու օր հետո լրագրողներին ասել էր, թե լսել է այդ արտասահմանցու վրդովված բացականչությունները, բայց այդ պահին դրանց նշանակություն չի տվել:

Սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով անզգույշ սպանության մեղադրանք է ներկայացվել նախագահ Քոչարյանի թիկնազորի անդամ Ազամալ Հարությունյանին: Սպանվածի եղբայրը, սակայն, ինչպես նաեւ «Հյումըն րայթս ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում են, որ գործի նախաքննությունը թերի է կատարված եւ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում իրականում կատարվածին, որ Պողոս Պողոսյանի մահվան պատճառ դարձած ծեծին մասնակցել են մի քանի հոգի:

Դատական նիստը կշարունակվի երկուշաբթի օրը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG