Մատչելիության հղումներ

Լինսի հիմնադրամի միջոցներով կբարեկարգվի Երեւանի կենտրոնը


Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հիմնականում գոհ է քաղաքապետարանի անցած տարվա գործունեության արդյունքներից, «Ազատություն» ռադիոկայանին ներկայացնում է քաղաքապետարանի 2002 թվականի ծրագրերը:

«Թող անհամեստ չհնչի, բայց պետք է ասեմ, 2001 թվականի համար նախատեսված ծրագիրը բոլոր ուղղություններով բոլոր բնագավառներում հիմնականում կատարվեց», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, մանրամասնելով, թե նկատի ունի եւ' քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը, եւ' կապիտալ շինարարությունը, եւ' մշակույթն ու կրթությունը, եւ' օրենսդրական նախաձեռնությունները:

Անդրադառնալով 2002 թվականին մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ Երեւանի կենտրոնի փողոցների մի զգալի մասը, այդ թվում նաեւ Հանրապետության հրապարակը, հիմնական վերանորոգման կենթարկվեն Լինսի հիմնադրամի տրամադրելիք 7 մլն դոլար գումարով: Այդ աշխատանքները, ըստ քաղաքապետի, վերահսկելու է անձամբ նախագահ Քոչարյանը:

Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ սկսված տարում ամբողջ թափով կշարունակավեն Երեւանի կենտրոնում Հյուսիսային պողոտայի կառուցապատման շինարարական աշխատանքները:

«Ամբողջ Հյուսիսային պողոտայի տարածքը՝ 72 հազար քառակուսի մետր, բաժանված է լոտերի», - ասաց քաղաքապետը: Արդեն տեղի է ունեցել 2 լոտի աճուրդ, որոնցում հաղթել է «Հայկապալ» ընկերությունը՝ առաջին լոտում պատրաստակամություն հայտնելով վճարել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 650 դոլար, իսկ երկրորդ լոտում՝ 530 դոլար:

Դա ընդամենը կառուցապատման իրավունքի գումարն է, իսկ կառուցապատման ներդրումային ծրագրով առաջին 2 լոտում հաղթածների կառուցելիք շինությունների արժեքը կկազմի 10-12 մլն դոլար: Իսկ ընդհանուր առմամբ, 400 մետր երկարությամբ եւ 24 մետր լայնությամբ հետիոտն երթեւեկության համար նախատեսված Հյուսիսային պողոտայի կառուցապատման արժեքը կկազմի 140-150 մլն դոլար:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG