Մատչելիության հղումներ

Դաշնակցության «Երկիր» օրաթերթը կվերածվի շաբաթաթերթի


Դաշնակցության գերագույն մարմինը օրերս հայտարարեց, որ «Երկիր» օրաթերթը հունվարի 25֊-ից լույս կտեսնի որպես շաբաթաթերթ՝ այն որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք տեղաշարժերը չեն նախանշում մոտ մեկ տարուց սկսվելիք՝ նախագահի, ապա նաեւ խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի մարտավարությունը, Դաշնակցության գերագույն մարմնի լրատվության պատասխանատու Գեղամ Մանուկյանը ասաց. «Քննարկվում էին, բնականաբար, նաեւ քարոզչական դաշտում կուսակցության անելիքները... բայց դա կապված չէ ամբողջովին նախընտրական շրջանի հետ»:

Դաշնակցության գերագույն մարմինը հայտարարել է նաեւ, թե ազատ եւ պատասխանատու մամուլի անհրաժեշտությունն է, ի թիվս այլ պատճառների, թելադրում թերթի որակական փոփոխությունը: Գեղամ Մանուկյանի կարծիքով, ազատ մամուլ եւ կուսակցական մամուլ հասկացությունները միմյանց չեն հակասում:

«Հայաստանում ամենաազատ մամուլը կուսակցական մամուլն է», - ասաց նա: - «Դուք այսօր չեք կարող ասել, թե որ թերթը ում կողմից է ֆինանսավորվում: Միանշանակ է, որ որեւէ թերթ կամ թերթերի 99 տոկոսը ինքնածախսածածկվող չէ... Կուսակցական մամուլի պարագայում հստակ է. «Երկիր» օրաթերթը ֆինանսավորվում է միայն եւ միայն Դաշնակցության միջոցներով»:

16 կամ ավելի էջանոց «Երկիր» շաբաթերթը ղեկավարելու է խմբագրական եռանդամ խորհուրդը՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյան, Համլետ Դավթյան եւ Սպարտակ Սեյրանյան: Դեռեւս ճշտված չէ նորացված «Երկիր» շաբաթաթերթի տպաքանակը:

Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ փետրվարից «Երկիր» շաբաթաթերթը կթողարկվի նաեւ էլեկտրոնային տարբերակով:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG