Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են պարտքի գծով պարտավորությունների կարգավորման համաձայնագիր


Երեւանում ստորագրվել է «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում 94 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին՝ Հայաստանի մի շարք ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների փոխանցման մասին պարտավորությունների կարգավորման համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրելու նպատակով Երեւան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ, ռուս-հայկական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նախագահ Իլյա Կլեբանովը այսօր վաղ առավոտյան մեկնել էր Երեւանից:

Բանակցությունների ամփոփիչ ասուլիսը, որ նախատեսված էր այսօր առավոտյան, չկայացավ: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, պարտքի դիմաց տրվող ձեռնարկությունների վերջնական ցուցակը հետեւյալն է. «Մարս» էլեկտորային սարքավորումների գործարանը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը եւ նախկին Խորհրդային Միության ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտնող երեք ձեռնարկություն:

Ըստ Շահսուվարյանի, Հայաստանի պաշտպանության նախարար, ռուս-հայկական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարրգյանը գոհ է բանակցությունների ընթացքից ու արդյունքներից:

Սեյրան Շահսուվարյանը, սակայն, չգիտեր, թե Ռուսաստանին տրված այդ ձեռնարկություններով փակվո՞ւմ է, արդյոք, Հայաստանի ամբողջ պարտքը, քանի որ բանակցությունների ընթացքում առայժմ չի հաջողվել ճշտել փոխանցվող ձեռնարկությունների արժեքը:

«Ոչինչ դեռ պարզ չէ: Դրա արդյունքները կլինեն աուդիտից հետո, երբ որ կլինեն բոլոր այդ հաշվարկները, որոնք կսկսվեն իրականացվել 2002 թվականի առաջին եռամսյակում», - ասաց Սեյրան Շահսուվարյանը:

Հարկ է նշել, սակայն, որ երեկ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Իլյա Կլեբանովը ասել էր, թե, ամենայն հավանականությանբ, նախատեսված ձեռնարկությունների դիմաց պարտքը ամբողջությամբ է մարվելու:

Պարտավորությունների կարգավորման համաձայնագիրը ընդամենը նախաստորագրված է, ինչը նշանակում է, որ այն դեռեւս ճանապարհ ունի անցնելու մինչեւ վերջնական փաստաթղթի վերածվելը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG