Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սկիզբ է առնում նոր դարաշրջան» վերնագիրն այսօր «Հայոց Աշխարհ» թերթում նախագահ Քոչարյանի Իրան այցի վերլուծականինն է: Մեկնաբանը գրում է. «Հայաստանը իր այս քայլով ցույց տվեց, որ չթերագնահատելով հեռավոր բարեկամների հետ հարաբերությունների կարեւորությունը, միաժամանակ հարեւան Իրանի հետ համագործակցության հեռանկարները չի պայմանավորում այլ երկրների կամեցողությամբ կան «խորհուրդներով»: Եվ դրանով Հայաստանը դրսեւորում է «հենց սեփական՝ հայկական ազգային շահերը հետեւողականորեն պաշտպանելու վճռականությունը»:

«Հայոց Աշխարհ»-ում ուշադրություն է սեւեռվում, որ «Հայաստանի թիվ 1 պաշտոնյանի բերանից առաջին անգամ հենց Իրանում հնչեց Ղարաբաղյան հիմնահարցին իրավական լուծում տալու անհրաժեշտության գաղափարը, որով փաստորեն արմատապես փոխվեց Հայաստանի մոտեցումը տվյալ խնդրի հանդեպ: Սրանով ավարտվում է «քաղաքական լուծում» գտնելու գերտերությունների իրականացրած դիվանագիտական բարդ խաղերի եւ դրանց արանքում խուսանավելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի անօգուտ փորձերի ժամանակաշրջանը, եւ սկիզբ է առնում իրերն իրենց անունով կոչելու եւ ճշմարտությանը բաց աչքերով նայելու դարաշրջանը», - սահմանել է մեկնաբանը: - «Պաշտոնական այցելության ընթացքում կատարած նման շրջադարձային հայտարարությամբ Հայաստանի ղեկավարությունը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ ի դեմս Իրանի, ինքը կարող է ձեռք բերել կողմերին «քաղաքական լուծումներ» պարտադրող գերտերությունների ճնշումներին դիմակայելու համար անհրաժեշտ տարածաշրջանային հակակշիռ»:

«Իրավունք» թերթի ամփոփիչ հայացքով, «2001-ը շատ բարենպաստ սկսվեց իշխանությունների համար, չկար երկիշխանության հիմնահարց, ոչ ոք լրջորեն չէր պատրաստվում իշխանությանը մեղադրել հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ, խորհրդարանական մեծամասնության ձեւավորման առումով էլ առանձնապես խնդիրներ չկային... Սակայն Ռոբերտ Քոչարյանի շրջապատը չկարողացավ պատեհ առիթն օգտագործել սոցիալ-տնտեսական առաջընթացի առումով շոշափելի արդյունքներ ապահովելու համար: Հրապարակային քաղաքական հակառակորդներին հաղթելուց հետո նախագահը համարձակություն չունեցավ կռիվ տալու ընդդեմ ստվերային տնտեսական օլիգարխների եւ վերացնելու իրական մրցակցությանը խանգարող հանգամանքները: Զուտ ներքաղաքական ոլորտում զինադադարի պատեհ առիթը չօգտագործվեց միջին եւ մանր գործարարներին աջակցելու համար... Փոխարենը ներքաղաքական դաշտում ծավալվեցին փոշիացումների ու պառակտումների գործընթացներ»:

«Իրավունք»-ի տարեգրությամբ, «Ռոբերտ Քոչարյանը գերադասեց քաղաքական զինադադարն օգտագործել զուտ իր անձնական դիրքերն ամրապնդելու եւ գործող տնտեսական շնաձկների հետ լեզու գտնելու համար... Ավելին՝ աստիճանաբար ձեռք բերեց գավառական չափանիշներով առաջնորդվող բռնակալին բնորոշ գրեթե բոլոր հատկանիշները եւ փաստացի գրեթե փակեց իր ճանապարհը դեպի կառուցողական բարեփոխումների ուղին»:

«Այս անգամ եւս Հայաստանի առաջընթացը բոլոր բնագավառներում չի կարող կապվել Հայաստանի գործող իշխանությունների հետ, այս անգան էլ առաջընթացի կողմնակիցն ու իշխանամետը ամհամատեղելի են», - բխեցնում է «Իրավունք»-ի խմբագիրը: - «Օրակարգային է դառնում հերթական ընտրությունների ժամանակ իշխող էլիտան փոխելու հրամայականը»:

«Հուսադրվելու բոլոր հիմքերը առկա են», - տարեվերջի խմբագրականն է վերնագրել «Ազգ» թերթը, որի ձեւակերպումներով՝ «Այս տարի ոչ ոք չկարողացավ պնդել, նույնիսկ ամենաչարամիտները, թե Հայաստանը մեկուսացած է արտաքին աշխարհից... Ոչ ոք չհամարձակվեց, ամենաչարակամներն անգամ, հատկապես սեպտեմբերի 11-ից հետո, ձեռ առնել կոմպլեմենտար մեր արտաքին քաղաքականությունը... Ոչ ոք չկարողացավ պնդել, բացի մի քանի խելագարներից, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինքն ավելի ճիշտ քաղաքականություն կվարեր եւ, մանավանդ, կանցկացներ»:

Այս թերթի տեսլականով, «եթե շարունակվի կայունությունը, եթե վարչարարությունն ու պետական ղեկավարումը ճկուն ու արդյունավետ դառնան, ու մանավանդ եթե դատարանները վերջապես սկսեն արդար գործել եւ զսպել գլխավոր չարիք կոռուպցիան, ապա վստահ կարող ենք լինել, որ մոտ ապագայում Հայաստանը դուրս կգա աղքատության ճիրաններից ու կմտնի արդիականացման ու զարգացման լայն պողոտա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG