Մատչելիության հղումներ

Առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը


Աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Հյուման րայթս ուոթչ»-ը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին դատապարտող հայտարարությամբ՝ պնդելով, որ «Առագաստ» սրճարանում սեպտեմբերին տեղի ունեցած սպանության գործով «մեղադրանքը չի համապատասխանում կատարված հանցագործության ծանրությանը»:

Խստորեն դատապարտելով նախագահ Քոչարյանի թիկնապահների կողմից կատարված սպանության գործով մեղադրական եզրակացությունը, Նյու Յորքում գործող «Հյուման րայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպությունը վիճարկում է պնդումը, թե ջավախքաբնակ Պողոս Պողոսյանը պատահաբար մահացել է նախագահի Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի հետ ծագած «փոխադարձ քաշքշուքի» հետեւանքով: Հայտարարության մեջ ասվում է, թե, փաստեր կան, որ Պողոսյանին ծեծելով սպանել են նախագահի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ:

«Նախագահ Ռ.Քոչարյանի՝ նախաքննությանը ցուցաբերված հրապարակային աջակցությամբ հանդերձ, իրականությունն այն է, որ իրավապահ մարմինները վկաներին՝ ցուցմունքներ տալու դեպքում, անվտանգության երաշխիքներ չեն տվել»,- հայտարարել է «Հյուման րայթս ուոթչ» կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Է.Անդերսենը:

Էլիզաբեթ Անդերսենը ասել է նաեւ, որ «մեղադրանքը չի համապատասխանում կատարված հանցագործության ծանրությանը եւ հաշվի չի առնում այն, որ հարձակվողները մի քանիսն են եղել: Մեղադրականը խորհրդանշական բնույթ է կրում եւ չարագուշակ ազդակ է Հայաստանի քաղաքացիներին, որ անվտանգության ծառայությունը կարող է սպանել եւ անպատիժ մնալ»:

«Գործի նախաքննությունից ես գոհ եմ, որովհետեւ քննությունը արվել է բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ», - դեկտեմբերի 13-ին լրագրողների ասել էր Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը՝ ներկայացնելով մեղադրական եզրակացությունից հետեւյալ հատվածը. «Առագաստ» սրճարանի զուգարանում Աղամալ Հարությունյանի հետ... փոխադարձ քաշքշուկի ու հարվածների ընթացքում ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխով հարվածվել զուգարանի հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է»։

Նոյեմբերի 28-ին Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգուշությամբ կատարված սպանության հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել: Այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 3 տարվա ազատազրկումն է:

Մեղադրական եզրակացությունը «կեղծ», «ծաղր մեր իրավական համակարգին ու պետությանը», «բացահայտ սուտ» է որակել սպանվածի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը: Նա պնդում է, որ եղբորը ծեծելով սպանել են նախագահի մի քանի թիկնապահներ:

Մինչդեռ, գլխավոր դատախազի խոսքերով, գործի նախաքննությունն անաչառ է վարվել, հարցաքննվել են միջադեպին ներկա 50-ից ավելի վկաներ, սակայն, նրանցից միայն մեկը՝ Պողոս Պողոսյանի սեղանակից Ստեփան Նալբանդյանն է ցուցմունք տվել, որը «նախաքննության ընթացքում չի հիմնավորվել»:

«Հյուման րայթս ուոթչ»-ի համաձայն, սակայն, «Տասնյակ վկաներ տեսել են, թե ինչպես են թիկնապահները ծեծում Պ.Պողոսյանին դեռ «Առագաստ» սրճարանում, սակայն հնարավոր հետեւանքների նկատմամբ վախն ու դրանով պայմանավորված դավադիր լռությունը հանգեցրել են նրան, որ նախաքննությունն ականատեսների ցուցմունքներ չի ունեցել»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG