Մատչելիության հղումներ

Մտավորականների կազմակերպությունը դեմ է ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն


«Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը շաբաթ օրը տեղի ունեցած հավաքում հրապարակեց մի հայտարարություն, որով մտավորականները կտրականապես դեմ են հանդես գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն:

«Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջարկվող փոխզիջումը իրականում միակողմանի զիջում է», - ասվում է հայտարարության մեջ: - «Ազատագրված տարածքները հայրենիք են եւ սակարկության ենթակա չեն»:

Կազմակերպության նախագահ, Ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանի խոսքերով, Ղարաբաղի հարակից տարածքները պահելու համար դրանք հարկավոր է բնակեցնել.

«Այսօր կան գրանցված 800 ընտանիքներ, որ ցանկություն ունեն բնակվել այդ տարածքներում: Պետությունը պետք է հստակեցնի՝ մենք հե՞տ ենք տալիս այդ տարածքները, թե՞ հետ չենք տալիս: Եթե հետ չենք տալիս, պետք է բնակեցնել.... վաղը ուշ կլինի», - ասաց Աղալովյանը:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի ու ռուսաստանցի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցությունների շրջանակում քննարկել Ղարաբաղին հարող տարածքների հարցը՝ բացառությամբ ԼՂՀ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG