Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Որպես ավարտվող տարվա եւս մեկ կարկառուն ցուցանիշ, «Առավոտ» թերթն այսօր ներկայացնում է ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանի դղյակը Բջնիում: «Բազմահարկ կառույցը՝ կից հսկա տարածքով, ուր նույնիսկ գոմն է երկհարկանի, լուսանկարչական սարքի օբյեկտիվում կարելի է ամբողջությամբ ներառել թերեւս միայն ուղղաթիռից», - նշում է լրագրողը: - Եվ ինչպե՞ս նախարարը կարող է վճարել այդ տարածքի լուսավորման ծախսը նույնիսկ:

Ներքին գործերի փոխնախարար Հովհաննես Վարյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում կիսվում է. «Որքան էլ իրար մեջ ասենք, թե մեր ժողովուրդը կարգ ու կանոն չսիրող ժողովուրդ է, այդուհանդերձ, շատ կարգապահ է, ինչի շնորհիվ այս տարիների ընթացքում հնարավոր եղավ խուսափել արյունահեղություններից»: Ամենադժվարը, - նշում է գեներալը, - այն է «դեմդ կանգնած է քո ժողովուրդը, եւ ստեղծված իրավիճակից ելնելով , պետք է ընդունես կտրուկ որոշումներ, գիտակցելով, որ ինչ անում են, հակաօրինական է»: Անցած տարիներին ամենաբարդ ու ամենապայթյունավտանգ իրավիճակը, Վարյանի գնահատականով, 1996-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերն էր: «Որեւէ մեկի վրա մահացու կրակ բացելու հրաման չի եղել, թեեւ միջազգային կոնվենցիաներով, իշխանությունը զավթելու փորձի ժամանակ, իսկ տվյալ պարագայում եղել է նման փորձ, ուժային կառույցներին թույլատրվում է այդպիսի քայլի գնալ... Իսկ ջրի, արցունքաբեր գազի, ռետինե մահակների կիրառումը թույլատրելի է», - անդրադառնում է գեներալը:

«Ռ.Քոչարյանի պահվածքը հարիր չէ երկրի ղեկավարին, որը փորձում է խոսել ուժի դիրքերից», - «Հայկական ժամանակ» թերթում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Հասարակությանն այլընտրանքի հնարավորություն պիտի ընձեռվի: Ժողովուրդը պիտի ընտրի, թե ինչպիսի կառավարման համակարգ է գերադասում ունենալ՝ այսպես կոչված, գործող կիսանախագահակա՞նը, թե՞ խորհրդարանական»: Բազեյանը նշում է, որ եթե հանրաքվեի ներկայացվի միայն Ռոբերտ Քոչարյանի նախագիծը, իրենք կընտրեն այն բոյկոտելու տարբերակը:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի պատկերմամբ, նախագահ Քոչարյանն իր՝ «երկրորդ նախագիծ չկա» չափից դուրս կտրուկ արտահայտությամբ ասպարեզ նետեց «Սահմանադրական շարժումը», թեեւ կարող էր ավելի նուրբ ձեւակերպումներով դրանից խուսափել: «Բայց որեւէ մեկը լրջորեն կասկածում է, որ հնգյակի (գուցե արդեն՝ վեցյակի) նախագիծը հանրաքվեի դրվելու դույզն-ինչ հնարավորություն չունի», - գրում է մեկնաբանը, - «որովհետեւ խորհրդարանական խումբ-խմբակցությունների գերակշիռ մասը, ինչպես, ի դեպ, նաեւ հանրությունն իր ամբողջության մեջ, հրաշալի հասկանում է, որ «խորհրդարանական հանրապետության» էքսպերիմենտը կարող է թանկ նստել պետության վրա: Ըստ մեկնաբանի, «հնգյակի նախաձեռնությունը նույնիսկ տասնհինգի նախաձեռնություն դառնալու պարագայում, լավագույն դեպքում կզարդարի ընդդիմության նախընտրական տոնահանդեսը, քանզի սոցիալական, առավել եւս հասարակական հենարան չունի»:

Այնպես որ, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի ամփոփմամբ, նախագահի անհարկի կտրուկ արձագանքը փրկօղակ էր՝ նետված հայրենի ընդդիմությանը առաջիկայում ուրվագծվող քաղաքական ձեռնամարտից պատվով դուրս գալու համար, եւ ընդդիմությունը դեռ շնորհակալություն պիտի հայտնի նախագահին:

Բայց ինչո՞ւ, եթե առավել եւս համոզվածություն կա, թե հանրությունն ամեն ինչ հրաշալի հասկանում է, նրան, այնուամենայնիվ, ընտրելու հնարավորություն չի տրվում: Ժողովրդի ձայնը անտեսելու դրվածք է ուրվածում եւ «Երկիր» թերթի մեկնաբանը: «Իշխանության համար ամենից անսպասելին ու վտանգավորը նորերս ստեղծված, այսպես կոչված, սահմանադրական ընդդիմությունն է», - նշում է նա: - «Այստեղ իրական ուժ տեսնելով՝ նախագահ Քոչարյանը հանդես եկավ իր համար անսովոր հրապարակային կոշտ դիրքորոշմամբ: Նա պարզապես բանավոր վետո դրեց այլընտրանքային սահմանադրական նախագիծը հանրաքվեի ներկայացնելու նպատակի վրա: Այդ դեպքում ժողովուրդը կարող էր օգտագործել իր ձայնը եւ համապատասխան ընտրություն կատարել: Իսկ ընտրելով սահմանադրական ընդդիմության նախագիծը՝ ժողովուրդը ինքնաբերաբար դեմ էր քվեարկելու Ռոբերտ Քոչարյանին»:

Ընդհանուր առմամբ, քաղաքական պայքարի դաշտում «Երկիր»-ի մեկնաբանը սահմանում է. «Դեռ գաղափարները չեն, որ միավորում են քաղաքականապես հասուն մարդկանց: Ուստի, իշխանությունը հաջողությամբ ջլատում է ընդդիմության ուժերը, որոնք այդպես էլ զուրկ են ժողովրդական լայն աջակցությունից: Նույնիսկ 500 հազար ստորագրությունը՝ ի նպաստ նախագահի պաշտոնանկության, թող ներվի ասել, թղթի կտոր է: Դա թանաք է թղթի վրա եւ ոչ թե իրական գործողություն, որը բոլորովին չի մտահոգում իշխանություններին: Այլ բան է, եթե այդ ստորագրողների մեկ հինգերորդը համատեղ հանդես գար որեւէ լուրջ պահանջով: Քանի դեռ ժողովուրդը քաղաքական պայքարի վճռական գործոն չէ, ընդդիմության եւ իշխանության պայքարը լոկ մենամարտ է, որի ելքը միշտ էլ կարելի է նախօրոք կանխատեսել»:

Արցախյան մթնոլորտում դրական տեղաշարժեր է տեսել օրերս այնտեղ եղած պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը: «Մեկ տարի չէի եղել Արցախում, եւ միանգամից երեւում է, որ իրավիճակն այնտեղ լիովին վերահսկելի է», - ներկայացնում է նա «Հայոց Աշխարհ» թերթում: - «Ժողովուրդը, մի տեսակ, մեզ համար նույնիսկ անսովոր, ինքնավստահություն ունի: Այսինքն՝ իրենց հաղթած պետության կարգավիճակում են զգում»:

«Ժամանակ» թերթին էլ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին հնարավոր է ազատ արձակվի ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG