Մատչելիության հղումներ

Զայրացած ավանդատուները պահանջում են վերադարձնել իրենց գումարները


Հայաստանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկը՝ «Կրեդիտ- Երեւան»-ը արդեն երկրորդ ամիսն է, ինչ ավանդատուներին չի վճարում տոկոսներն ու չի վերադարձնում մայր գումարները: Կենտրոնական բանկի մասնագետները հույս են հայտնում, որ վիճակը հնարավոր է շտկել:

Հայաստանում գործող մոտ երեք տասնյակ բանկերի մեջ երկար ժամանակ առաջին տասնյակում, իսկ ավանդատուների քանակով՝ առաջին հնգյակում տեղ զբաղեցնող «Կրեդիտ-Երեւան» բանկի վրդովված ավանդատուները այսօր հավաքվել էին բանկի դիմաց ու պահանջում են իրենց գումարները:

«Արդեն մեկ ամսից ավելի է, բանկը ո'չ տոկոս է վճարում, ո'չ էլ մայր գումարներն է վերադարձնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բանկի ավանդատուներից մեկը:

Ավանդատուներին այս բանկը հրապուրել է իր առաջարկած բարձր տոկոսադրույքով: Դեր է ունեցել նաեւ այն հանգամանքը, որ «Կրեդիտ-Երեւան»-ի նախկին սեփականատերը Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Հովհաննիսյանն էր՝ ենթադրաբար «մեջք» ու հնարավորություններ ունեցող անձնավորություն:

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի՝ անհայտ մնալ ցանկացած աղբյուրներից ստացված արժանահավատ տեղեկությունների համաձայն, Մարտին Հովհաննիսյանը հավաքված ֆինանսական միջոցներով վարկավորել է իր իսկ բիզնեսը՝ երկարաժամկետ ներդրումներով: Ի վերջո, ունեցած այլ պարտքերի դիմաց Մարտին Հովհաննիսյանը բանկը փոխանցել է Մոսկվայում բնակվող Լյովա Հայրապետյանին՝ առանց տեղեկացնելու բանկի ծանր վիճակի մասին: Այս ճարպիկ քայլով պատգամավորը ազատվել է եւ իր պարտքից եւ քայքայվող բանկից՝ դժգոհ ավանդատունեով հանդերձ:

Վիճակը, առաջին հայացքից, խուճապային է, եւ ավանդատուները վախ ունեն, որ կարող են կորցնել իրենց գումարները:

Հայաստանի բանկերի ասոցիացիային մոտ կանգնած աղբյուրները, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ վիճակը հնարավոր է շտկել: Նախ՝ չի բացառվում, որ նոր սեփականատերը, կրկակի վնաս չկրելու նպատակով, մեծ ներդրումներով վերականգնի բանկի դրությունը:

Հայաստանի կենտրոնական բանկն էլ, իր հերթին, լավատես է եւ համոզված, որ իրավիճակը լիովին շտկելի է: Արդեն քայլեր են ձեռնարկվում «Կրեդիտ-Երեւան» բանկի առողջացման ուղղությամբ: Մասնավորապես՝ այն հանձնված է արտաքին կառավարման (այսինքն կառավարումն այժմ իրականացնում է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը) եւ մշակվում է առողջացման ծրագիր:

Հայաստանի բանկային համակարգը նախորդ տարվա համեմատ ավելի ցածր ցուցանիշներով է փակում այս տարին: Տարվա սկզբին 33 մլրդ դրամ կազմող բանկային ընդհանուր կապիտալը կրճատվել է գրեթե 10 մլրդ դրամով: Բանկային համակարգի զարգացման օգտին է խոսում, սակայն, ավանդատուների քանակը, որ այս տարվա ընթացքում ավելացել է 10 տոկոսով: «Կրեդիտ Երեւան»-ի այս՝ ոչ այնքան հանկարծակի անակնկալը լուրջ քննություն կլինի համակարգի համար, որը կպահպանի իր նկատմամբ վստահությունը՝ պայմանով, որ Կենտրոնական բանկի լավատեսությունն իրականություն դառնա:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի որակմամբ, բանկային համակարգի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ այլ պատճառների մեջ առաջին տեղում է դիլետանտների կողմից բանկիր դառնալու գործոնը:

«Մենեջմենթի ցածր մակարդակը, կորպորատիվ կառավարման ավանդույթների բացակայությունը հանգեցնում են բանկերի սեփականատերերի կողմից իրենց բիզնեսների վարկավորմանը եւ դրա ընթացքում ռիսկի սուբյկետիվ սխալ գնահատմանը, ինչը բերում է ակտիվների որակի վատացմանը», - անցած ամիս լրագրողներին ասել էր Տիգրան Սարգսյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG