Մատչելիության հղումներ

Հայաստանում մեծ է «քողարկված» զբաղվածությունը


Հայաստանի տնտեսության բարձր մակարդակի ստվերայնությունը, անշուշտ, ենթադրում է որոշակի քանակի չգրանցված աշխատատեղեր, ուր ընդգրկված մարդկանց գործունեությունը բնորոշվում է որպես «քողարկված զբաղվածություն»։ Մյուս կողմից, ձեւականորեն աշխատող, այսինքն ձեռնարկությունների աշխատացուցակներում ընդգրկված հազարավոր մարդիկ իրականում չեն աշխատում ու եկամուտներ չեն ստանում, ուստի հարկադրված են աշխատանք որոնել։

Աշխատանք են փնտրում նաեւ այն անձիք, ովքեր պաշտոնական գործազուրկի կարգավիճակ չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, զուրկ են ապրուստի կայուն աղբյուրներից։ Մարդկանց այս խումբն էլ կազմում է, այսպես կոչված, «թաքնված» գործազուրկների բազմությունը։

Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանն «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում ասաց, որ անկախության տասնամյակում թաքնված զբաղվածության աճի երեւույթները կապված են առաջին հերթին տնտեսության անկման եւ դրա հետեւանքով աշխատատեղերի կտրուկ կրճատման հետ:

«Մարդիկ հարկերից խուսափելու համար՝ թե' գործատուները եւ թե' աշխատողները, աշխատում են անլեգալ, քողարկված, եւ դրա հետեւանքով ձեւավորվում է քողարկված զբաղվածությունը». - ասաց Սուվարյանը:

Ըստ Սուվարյանի հաշվարկների, մեր տնտեսության մեջ քողարկված զբաղվածների բաժինը աշխատանքային տարիքի անձանց ընդհանուր թվի նկատմամբ մոտ 16 տոկոս է, իսկ բացարձակ թվով՝ մոտ 213 հազար մարդ։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազուրկի կարգավիճակ ունի մոտ 140 հազար մարդ, թեեւ նման կարգավիճակ ստանալու համար զբաղվածության կենտրոն է դիմել 164 հազար 275-ը։ Այսինքն՝ քողարկված զբաղվածությունն ավելի տարածված մասշտաբներ ունի քան, պաշտոնական գործազրկությունը։

Այսպես կոչված, թաքնված գործազուրկների բազմությունն էլ քիչ չէ. մոտ երկու անգամ ավելի շատ մարդիկ, քան պաշտոնական գործազուրկներն են, չբավարարված լինելով իրենց վիճակով, աշխատանք են փնտրում:

«Բազմաթիվ կազմակերպություններ թեեւ չեն աշխատում, աշխատողներին չեն ազատում դեռեւս աշխատանքից, նրանց տվել են հարկադիր արձակուրդ... Եվ աշխատողները, որոնք տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ աշխատել են այդ կազմակերպություններում, հույսով սպասում են, որ մի օր իրենց հիմնարկությունը կաշխատի, ուստի մնում են ցուցակներում որպես աշխատողներ», - պարզաբանեց Սուվարյանը:

Թերեւս, այս մարդկանց պատճառով է, որ պաշտոնական վիճակագրությունը գործազրկության մասշտաբները երկրում մի քանի անգամ ավելի պակաս է ցույց տալիս՝ այն մոտ է 10 տոկոսին: Մինչդեռ, անկախ փորձագետների գնահատումներով, գործազրկության մակարդակը իրականում ավելի քան 30 տոկոս է։

Կատարված հետազոտությունների համաձայն, հիմնական աշխատավայրում զբաղվածների 15 տոկոսը անբավարար աշխատավարձի կամ դրա բացակայության կամ էլ այլ պատճառներով նոր աշխատանք է փնտրում, այսինքն, թաքնված գործազուրկներն էլ գրեթե նույն քանակի են, ինչ քողարկված զբաղվածները։

Նման երեւույթները մեր տնտեսության մեջ նվազեցնելու նպատակով, ըստ Յուրի Սուվարյանի, առաջին հերթին պետք է ընդունել Աշխատանքային նոր օրենսգիրքը, որտեղ այդ հարցերը օրենքի մակարդակով լուծումներ ստանան։ Ներկայումս գործող՝ խորհրդային ժամանակներից փոխանցված աշխատանքային օրենսգիրքը, չնչին փոփոխություններով, 40 տարվա վաղեմություն ունի։

Ըստ Յուրի Սուվարյանի, նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի՝ ու կախվածության մեջ դրվի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից եւ հանրապետության միջին աշխատավարձի մակարդակից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG