Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի ծրագիրը


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի ծրագիրը: Պետբյուջեի նախագծում այդ նպատակի համար նախատեսված է 20 միլիոն դրամ:

«Դա մեր պետական աջակցության չափն է, որպեսզի մենք կարողանանք փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար քաղաքականությունը մշակել, ծրագրերը կազմել», - լրագրողներին ասաց արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը:

Արդյունաբերության ոլորտում 100 աշխատող ունեցող ձեռնակությունը միջին է համարվում: Աշոտ Շահնազարյանի խոսքերով, Հայաստանի ձեռնարկությունների 70 տոկոսն արդեն փոքր եւ միջին է:

«Արդյունաբերության գծով այսօր փոքր ու միջին ձեռնարկությունները Համախառն ներքին արդյունքի համապատասխան բաժնի երեւի 80-90 տոկոսն են կազմում», - ասաց փոխնախարարը:

Աշոտ Շահնազարյանի գնահատմամբ, հարկերը չեն խոչնդոտում ոլորտի զարգացմանը: Ընդհակառակը, նրա խոսքերով, հաստատագրված հարկերը այդ ճյուղի զարգացմանը բավականին հնարավորություններ են ընձեռում:

Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ ինքը դեռեւս չի ստացել պարտքի դիմաց Ռուսաստանին հատկացվող Հայաստանի ձեռնակությունների ցանկը, ավելացնելով, որ այդ ցանկը երեւի ճշգրտված կլինի դեկտեմբերի վերջին:

Հայաստանի նախագահի մոսկովյան աշխատանքային այցի ընթացքում «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրագործման ուղղությամբ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք վերջնական համաձայնագրով ամրագրվելու են մինչեւ տարեվերջ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG