Մատչելիության հղումներ

Մինչեւ տարեվերջ «կամրագրվեն» պայմանավորվածությունները «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում





Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները այսօր Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մինչեւ տարեվերջ վերջնական համաձայնագրով կամրագրվեն «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրագործման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանդիպումից հետո Հայաստանի նախագահը լրագրողներին հայտնեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանին մտահոգում են տնտեսական հարցերը:

«Երկկողմ հարաբերություններում որոշ հարցեր խթանման կարիք են զգում, հատկապես տնտեսական հարաբերություններում, որոնք մտահոգում են մեզ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Վլադիմիր Պուտինի գնահատմամբ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ է աշխատում, եւ մինչեւ տարեվերջ հիմնական խնդիրները լուծում կգտնեն: Նա գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների շփումները մշտական բնույթ են կրում:

Զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ, խոսել են միջազգային ասպարեզում երկու երկրների ջանքերի համակարգման վերաբերյալ:

Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը լրագրողներին ասաց, որ այսօրվա բանակցություններում նշանակալի առաջխաղացում է գրանցվել «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրագործման ուղղությամբ: Որոշվել է միջպետական համաձայնագրով ամրագրել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հայաստանի ունեցած 94 միլիոն դոլարի պարտքը, ըստ այդ բանաձեւի, մարվելու է Ռուսաստանին փոխանցելով հայաստանյան մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները: Այդ ձեռնարկությունների ցանկը դեռեւս վերջնականապես ճշտված չէ:

Իլյա Կլեբանովի խոսքերով, նախագահներ Պուտինն ու Քոչարյանը քննարկել են նաեւ երկու երկրների հարաբերությունները էներգակիրների եւ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքները:

Աշխատանքային այցի շրջանակներում երեկ Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաեւ «Գազպրոմի» եւ «Իտերայի» ղեկավարության հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Գազպրոմի» ներկայացուցիչը, նախագահը Քոչարյանը հավաստիացրել է, որ մատակարարված բնական գազի դիմաց վճարումների խնդիրը կլուծվի 2002 թվականի ընթացքում:

Մոսկվայից Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ճապոնիա:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG