Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պայքարելու է Սահմանադրական փոփոխությունների իր տարբերակի համար


Խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության միասնական նախագծի հեղինակները հայտարարում են, որ օրինական միջոցներով հասնելու են այն բանին, որ իրենց նախագիծը դրվի հարնաքվեի, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կասկածի տակ են առնում 44048 աշխատատեղերի ստեղծումը մեկ տարվա ընթացքում:

Հանրապետության քաղաքական ուժերը այսօր արձագանքեցին նախագահ Քոչարյանի ուրբաթ օրվա ասուլիսի 2 հիմական թեմաներին:

Խորհրդարանական կառավարման կողմնակից 6 կուսակցությունների՝ Ազգային ժողողովրդավարական կուսակցության (ԱԺԿ), Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ), Հայկոմկուսի, «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) եւ «Հանրապետություն» կուսակցության այսօր հրապարակած համատեղ հայտարարությունում նշված է. «Միավորելով մեր ուժերը երկրում նախաձեռնում ենք սահմանադրական շարժում՝ նպատակ դնելով օրինական բոլոր միջոցներով հասնել այն բանին, որպեսզի Սահմանադրության միասնական նախագիծը դրվի հանրաքվեի եւ ժողովուրդը հնարավորություն ստանա ընտրելու իր շահերն արտահայտող Սահմանադրություն»:

«Չկա երկրորդ նախագիծ եւ չի լինելու երկրորդ նախագիծ», - ուրբաթ օրը ասել էր Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ (2/3-ը) երկրորդ տարբերակը ընդունվելու դեպքում՝ «Եթե իրենք ունենան Ազգային ժողովում 2/3-ը, ապա ես չգիտեմ ե'ս այստեղ ինչ եմ անում: Ուրեմն ես չպետք է լինեմ, կամ այդ Ազգային ժողովը չպետք է լինի», - կտրուկ ասել էր Հայաստանի նախագահը:

«Ներքոստորագրյալ վեց կուսակցություններս Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները գնահատում ենք որպես սահմանադրական գործընթացը վտանգող», - ասված է երկրորդ տարբերակի համահեղինակների համատեղ հայտարարության մեջ:

Մեկ տարվա ընթացքում 44 հազար աշխատեղ բացելուն վերաբերող տվյալներին այսօր արձագանքեց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա կասկածի տակ առավ հրապարակված տվյալների աղբյուրները՝ նշելով, որ պաշտոնական տվյալներ կարող է հրապարակել միայն վիճակագրական պետական լիազորված մարմիները:

Արտաշես Գեղամյանը տվյալների աղբյուրներին հատուկ ուշադրություն է դարձնում, որովհետեւ ինքն օգտվում է ազգային վիճակագրության ծառայության տվյալներից, եւ այդ տվյալնոերի հիման վրա պնդում, որ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ եւ նախագահ լինելու տարիներին 163 հազար 500 աշխատեղ փակվել է:

Նախագահը ուրբաթ օրվա ասուլիսում ուղղակիորեն չպատասխանեց Գեղամյանի պնդումներին: Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, սակայն, պարզաբանեց, որ Գեղամյանի տվյալները վերաբերում են նախորդ տարիների ընդհանուր զբաղվածությանը:

Արտաշես Գեղամյանը նաեւ այլ տվյալներով է ապացուցում իր պնդումները՝ գործազուրկների թիվը նվազել է ընդամենը 5 հազարով, այնինչ տրամաբանորեն պետք է նվազեր գոնե 40 հազարով: Ավելանալու փոխարեն նվազել են եկամտահարկի, շահութահարկի մուտքերը:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, եթե մեզ ասեին, որ «44048-ով պակասել է գործազուրկների թիվը Հայաստանում, դա շատ ավելի արժանահավատ ու էական կլիներ»:

«Եթե որեւէ մեկին ինչ-որ մի թիվ հավատ չի ներշնչում, կարելի է ստուգել եւ ստուգելուց հետո միայն եզրակացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG