Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձեն շեշտում է Հայաստանի եւ Վրաստանի «համատեղ շահերը»





Երկօրյա այցի ավարտին հանդիպելով հայ ու վրացի լրագրողների հետ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ասաց, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվել են բացառապես բոլոր ցավոտ խնդիրները երկու երկրների հարաբերություններում:

Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ խոսվել է տարածաշրջանային բոլոր ծրագրերում Հայաստանի ու Վրաստանի մասնակցության անհրաժեշտության, աբխազական երկաթգծի վերագործարկման, ռուս-վրացական հարաբերությունների մասին:

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ որեւէ երկրի հետ Վրաստանի գործակցությունը չի կարող վտանգել հայ-վրացական հարաբերությունները, եւ իր երկիրը չի անի որեւէ քայլ, որը կարող է վնասել Հայաստանի շահերին: Նա միեւնույն ժամանակ ասել է, որ Վրաստանը կարող է իր հնարավորություններն օգտագործել ի նպաստ Հայաստանի:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ զրույցի ընթացքում հիմնականում քննարկվել են երկու երկրների միջեւ հետագա համագործակցության համար անհրաժեշտ միասնական օրենսդրական դաշտի ստեղծման, երկաթգծի բացման հնարավորությունների, ավտոճանապարհների բարելավման, վրաստանաբնակ հայերի անվտանգության եւ այլ հարցեր, ինչպես նաեւ երկու երկրներում գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորման խնդիրները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի խորհրդարանի խոսնակը ասաց, որ մեր համատեղ շահերը շատ են, պետք է դրանք գտնել եւ միասին աշխատել՝ ի շահ երկու հարեւան երկրների ժողովուրդների բարօրության:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ լավ են: Եվ կցանկանայինք դրական դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում», - պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց Բուրջանաձեն: Դա պետք է փոխադարձվի հայերի ջանքերով՝ որոշ հարցերում համոզել ռուսներին փոխել դիրքորոշումը: - «Ինձ թվում է, երկաթգծի առնչությամբ Հայաստանը կարող է փորձել համոզել Ռուսաստանին, որ այն ակտիվորեն աջակցի աբխազական հակամարտության խաղաղ լուծմանը: Հակառակ դեպքում տուժում է Հայաստանը»:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերմանը Վրաստանի տարածքից, այդ թվում՝ Ախալքալակի շրջանից, Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ դա Վրաստանի միանշանակ դիրքորոշումն է՝ այլ երկրների ռազմական հենակայաններ իր տարածքում չպետք է լինեն: Հաշվի առնելով, սակայն, որ Ախալքալակի դեպքում կան որոշակի բարդություններ, Վրաստանն առաջարկում է Ռուսաստանին իր ժամկետները, սակայն, Նինո Բուրջանաձեի խոսքերով, կան ուժեր, որոնք ուզում են հարցն այնպես ներկայացնել, թե ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումը կոնֆլիկտների կարող է հանգեցնել:

Նինո Բուջանաձեն հավաստիացրեց, որ դա այնդպես չէ. - «Այդ մարդկանց [ռուսաստանյան ռազմակայանում աշխատող հայերին] պետք են ընդամենը երաշխիքներ, որ իրենք չեն մնա առանց աշխատանքի», - կարծիք հայտնելով, որ վրացական կառավարությունը պետք է տա այդ երաշխիքները իր հայազգի քաղաքացիներին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG