Մատչելիության հղումներ

Արտահերթ նստաշրջանը սկսվեց բյուջետային քննարկումներով


2002 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումով չորեքշաբթի օրը բացվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացնեց իր ղեկավարած գերատեսչության եզրակացությունը բյուջեի նախագծի վերաբերյալ, ուր հաշվի են առնված նաեւ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշները:

Կենտրոնական բանկի եզրակացությունը տպավորություն է ստեղծում, որ արձանագրված մոտ 10 տոկոս տնտեսական աճի միտումը հաջորդ տարվա ընթացքում պահպանվելու դեպքում էլ նկատելի դրական միտումներ չեն դրսեւորվելու, քանի որ տնտեսության ստվերայնությունը եւ առանձին ոլորտներում մոնոպոլ գործունեությունը հնարավորություն չեն տալու, որ տնտեսական աճն անդրադառանա ժողովրդի կենսամակարդակի վրա:

«Հարկային վարչարարության բնագավառում մեր պետությունը պետք է նոր խնդիրներ լուծի», - լրագրողների հետ զրույցում բյուջեի նախագծում նոր ռիսկեր ուրվագծեց Տիգրան Սարգսյանը՝ դա պայմանավորելով ժողովրդական տնտեսության կառուցվածքի փոխոխությամբ: - «Երբ ներմուծումը նվազում է, իսկ արտահանումը աճում է, նշանակում է, որ հարկային վարչարարության ուղղվածությունը պետք է լինի դեպի տնտեսվարող սուբյեկտներ»:

Առողջապահության ոլորտին բյուջեից հատկացվող գումարները մեկ հիվանդի հաշվով այս տարվա 6 հազար դրամի փոխարեն հաջորդ տարի կնվազեն 4300 դրամի։ Իսկ հիմնավորումն այն է, որ հանրապետությունում առողջապահական համակարգի, այսպես ասած, օպտիմալացման ծրագիր է իրականացվում, լուծվարվում կամ խոշորացվում-կենտրոնացվում են հիվանդանոցները, այդ պատճառով էլ ծախսերը կրճատվում են։

Հավանաբար անգամ այդ հատկացումների թերֆինանսավորման մտավախությամբ էր պայմանավորված սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի առաջարկը. - «Առողջապահության համակարգին վերաբերող մի քանի հոդվածներ դասել պաշտպանված հոդվածների շարքում. շտապօգնությունը, պոլիկլինիկաները, հոգեբուժարանները, տուբերկուլյոզի դիսպանսերները»:

Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը անթույլատրելի համարեց գիտությանը եւ հանրային ռադիոհեռուստատեսությանը նույն գումարները հատկացնելը։ Ըստ Շավարշ Քոչարյանի, օրինակ, Ռուսաստանի Դաշնության բյուջեով գիտությանը 16 անգամ ավելի մեծ գումարներ են տրվում քան հեռուստատեսությանը։


Արմեն Զաքարյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG