Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Երեւանում





Երեւանցիներն այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկ անգամ էլ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:

Հուշ-միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, բարձաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, հոգեւորականներ:

Կարճ աղոթք կարդաց ու հավաքվածներին խոսքով դիմեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը:

Հավաքվածների առջեւ կարճ ելույթներ ունեցան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

«Պատուհասը ահաբեկչական միացրեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցեց, որ այս սպառնալիքը ոչ միայն ուղղված է Միացյալ Նահանգների դեմ, այլ՝ ողջ մարդկության դեմ: Այսօր մենք հավաքվել ենք հիշելու առաջին հերթին այդ անմեղ զոհերին, եւ երկրորդ՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում», - իր ելույթում ասաց Վարդան Օսկանյանը:

Ջոն Օրդուեյը, շնորհակալություն հայտնելով հավաքվածներին եւ Հայաստանի կառավարությանը, ասաց, որ այս պահին աշխարհով մեկ հավաքվել են հնչեցնելու իրենց ազգային օրհներգը: Նրա խոսքերով, ամբողջ աշխարհը հիշատակում է սեպտեմբերի 11-ի զոհերին, որոնց մեջ 5 հայեր կային: «Միեւնույն ժամանակ աշխարհին ցույց է տրվում, որ մենք միասնական ենք ահաբեկչության դեմ պայքարում», - ասաց դեսպանը:

«Հիմա մենք փորձում ենք գործնկերներ գտնել, որ միասին կարողանանք պաշտպանել մեր ընդհանուր արժեքները: Ես կարծում եմ, որ ցանկացած երկիր մեծ թե փոքր որոշակի կարողություններ ունի այս գործում իր լուման դնելու համար: Եվ մենք ակնկալում ենք, որ այդպես կլինի», - ասաց Ջոն Օրդուեյը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասաց, որ եթե ԱՄՆ-ի կառավարության խնդրանքը չլիներ անգամ, Հայաստանում նման հիշատակում կլիներ՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը այս ահաբեկչության դեմ պայքարին:

«Շատ լուրջ ազդանշան է սեպտեմբերի 11-ը, եւ իրոք քաղաքակիրթ աշխարհը եկել է այն համոզմունքին, որ պետք է արմատախիլ անել միջազգային ահաբեկչությունը... Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, անհրաժեշտ է համախմբվածություն», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Հայաստանը ամբողջությամբ կողմնակից է հակաահաբեկչական միջոցառումներին: Եվ մասնակից ենք, որովհետեւ դա համարում ենք սպառնալիք ոչ միայն մեծ տերությունների համար, այլ նաեւ փոքր տերությունների, հատկապես՝ Հայաստանի համար: Մեր մասնակցությունն անպայման կշարունակենք բերել այս պայքարում»:

ԱՄՆ-ի ժամանակով ճիշտ այն պահին, երբ ահաբեկիչների առեւանգած օդանավը մխրճվեց Համաշխարհային առեւտի կենտրոնի առաջին շենքի մեջ, Երեւանում հնչեցին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների օրհներգերը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG