Մատչելիության հղումներ

Հետաքննությունը կարող է վերհանել բանակում կատարված ծանր հանցագործությունների կոծկման փաստեր


1996 թվականից բանակում կատարված հանցագործություններով զբաղվող Ռուբեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ մոտ 4 ամիս առաջ հանրապետության գլխավոր դատախազությանն է տրամադրել բանակում կատարված սպանությունները, այլ ծանր հանցագործությունները կոծկելու վերաբերյալ 18 գործ:

Նրա խոսքերով, այդ գործերում «ակնհայտ է Հայաստանի զինդատախազության կողմից, եւ հատկապես զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից թույլ տրված անօրինականությունները»:

Նրա տեղեկություններով, գլխավոր դատախազության հանձնաժողովը շուտով կավարտի ուսումնասիրությունը: Հանձնաժողովը գլխավորում է գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանը:

Պաշտոնապես որեւէ հայտարարություն դեռ չկա: Ռուբեն Մարտիրոսյանը, սակայն, իր ունեցած հանդիպումների հիման վրա ասում է, որ հանձնաժողովը հանգել է «նույն հետեւություններին»:

1996-ից Ռուբեն Մարտիրոսյանը «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավարն էր, 1998-2000 թվականներին՝ պաշտպանության նախարարության վերահսկիչ հանձնաժողովի արտակարգ դեպքերի բաժնի պետը: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարները նրան լիազորել էին ցանկացած հարցով ցանկացած զորամասում ծառայողական քննություն անցկացել: Պաշտպանության ներկայիս նախարար Սերժ Սարգսյանը այդ կառույցը նախ լուծարեց, ապա վերականգնեց՝ բայց արդեն առանց Ռուբեն Մարտիրոսյանի:

Ռուբեն Մարտիրոսյանը անօրինականությունների համար մեղադրում է անձամբ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, նրա տեղակալին, հավաստելով, սակայն, որ Ջհանգիրյանի դեմ որեւէ անձնական թշնամանք չունի, քաղաքական որեւէ պատվեր չի կատարում: Նրա խոսքերով, զինդախազության ամբողջ համակարգը արմատական փոփոխությունների, բարեփոխումների կարիք ունի:

Ներկայիս զինդատախազությունը, նրա կարծիքով, ոչ թե օգնում է բանակում օրենքի հաստատմանը, այլ նպաստում է անօրինականության տարածմանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG