Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ինչպես փոխանցում է «Ժամանակ» թերթը, երեկ, էներգետիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացնելով նորանշանակ նախարարին, վարչապետ Մարգարյանը ընդգծել է համակարգի խնդիրների «լուծման գործում պատասխանատվության, կամքի ու վճռականության դրսեւորման անհրաժեշտությունը»: Թերեւս հրապարակային այսօրինակ արտահայտությունները միայն կարող են ենթադրությունների հիմք դառնալ՝ ինչն էր կադրային այդ փոփոխության բուն պատճառը: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, նախագահի հրամանագիրը խիստ անակնկալի է բերել Կարեն Գալուստյանին, որը դեռ նախորդ օրը նախարարությունում կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ «բավական ոգեւորված խոսել է իր կողմից համակարգում կատարվելիք փոփոխությունների մասին»:

«Ռոբերտ Քոչարյանը վերջերս վրա-վրա հանձնարարականներ էր տալիս էներգետիկայի նախարարին՝ մեկ բարձրաստիճան պաշտոնյաներից հոսանքի գումարը հավաքելու, մեկ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բոլոր օբյեկտները հոսանքազրկելու», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը, բխեցնելով՝ «Կամ նախարարը չի կարողացել կատարել նախագահի հանձնարարականները, կամ նախագահը հանձնարարականները տվել է՝ դրանց կատարման ընթացքում նախարարին պաշտոնանկ անելու պատրվակ գտնելու համար: Վերջին վարկածի օգտին խոսում է նաեւ այն հանգամանքը, որ Գալուստյանի ազատման եւ նոր նախարարի նշանակման աշխատանքներն անցել են խիստ կոնսպիրատիվ պայմաններում»:

«Մինչ օրս մեզ թվում էր, թե մեր էլցանցերն այն յուղոտ պատառներն են, որոնց երազում են տեր դառնալ աշխարհի ամենախոշոր ընկերությունները», - բէցերի սեփականաշնորհման տապալմանն է անդրադառնում «Առավոտ» թերթը։ - «Իսկապես, դրանք լուրջ եկամտի աղբյուր էին եթե ոչ՝ պետության, ապա գոնե՝ իրենց տնօրինող չինովնիկների համար։ Թվում էր՝ պոտենցիալ գնորդը եւս դրանցից մեծ եկամուտներ պիտի ակնկալեր։ Բայց ոչ։ Գնորդ դարձյալ չգտնվեց... Համը հանեցին անգամ ռուսները, որոնց չկարողացավ համոզել նույնիսկ վերջերս շաբաթներով Մոսկվայում ապրող Սերժ Սարգսյանը»։

«Առավոտ»-ի ակնարկով, ռուսները մտածում են՝ «Ինչո՞ւ շտապել գնել այն, ինչ վաղը, մյուս օրը կարող ես ձրի ստանալ։ Ավելի ստույգ՝ պարտքերի դիմաց»։ «Իսկ ամենատխուրն այն է, որ եթե մեր ԲԷՑ-երը եւս, ինչպես եկամտաբեր այլ ձեռնարկությունները, կոպեկներով վաճառենք, մեղավորը դարձյալ մենք ենք լինելու։ Ուրիշ ոչ ոք», - վերջակետ է դրել «Առավոտ»-ը։

«Ողբերգությունը քաղաքական շահարկումների միջոց դարձնելու մարտավարությունը, որ ավելի քան 2 տարի է՝ զարդարում է հայրենի ընդդիմության քաղաքական զինանոցը, խոստանում է առաջիկա նախընտրական պոկերի ամենաազդեցիկ խաղաթուղթը դառնալ»: Այս նախաբանից է «Հայոց Աշխարհ» թերթը անցնում Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրանքի արձագանքներին: «Ասել, թե նախագահի թիկնապահը հատուկ դիտավորությամբ էր սպանել Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոսյանին, կներեք, չափազանցություն է», - հանցագործության ներկայացված «անզգույշ» որակումն է որոշակիորեն արդարացնում «Հայոց Աշխարհ»-ը: - «Թիկնապահն, ի՞նչ է, հայ-վրացական հարաբերությունները սրելու, վիրահայությանը զայրացնելու մտադրությո՞ւն ուներ, թե՞ դաշնակցական գործիչներին իշխանությունների դեմ ուղղելու» նպատակ էր հետապնդում:

Այսպես ընդդիմախոս-քննադատողների տրամաբանությանը հարվածելով, «Հայոց Աշխարհ»-ը վերջում ավելացրել է՝ «Չի նշանակում, թե Պողոսյանին սրճարանում, ականատեսների ներկայությամբ ծեծելով՝ մահվան դուռը հասցնելու լկտի գործողությունը, թեկուզ այդ նախադեպի կրկնությունը բացառելու նկատառումով, արժանի չէ ավելի ծանր պատժի, քան երեք տարվա ազատազրկումն է»:

Սահմանադրության միասնական նախագծի շուրջ համախմբվող քաղաքական ուժերի շարքերում էլ արդեն իսկ համաձայնության ճաքեր է արձանագրում «Երկիր» թերթը, ուշադրություն սեւեռելով, որ եթե Կոմկուսը, ԱԺԿ-ն, ՍԻՄ-ը առանձնակի կարեւորում են երկքաղաքացիության ընդունման հարցը, ապա «Հանրապետություն» կուսակցությունը դրան միանշանակ դեմ է:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով էլ, «Հանրապետություն» կուսակցության առջեւ նոր խնդիրներ են ծառանում եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման հետ համագործակցության հաստատմամբ: «Բնական է, որ հստակորեն ձախակողմյան բնույթ ունեցող «Սոցիալիստական Հայաստանի» հետ «Միասնության» ծրագրերի իրականացնողը դառնալու հավակնություն ունեցող ուժերի համագործակցությունը գաղափարական ընդհանուր հիմք չի կարող ունենալ», - նշում է մեկնաբանը: - «Այդ պատճառով, ձախ ուժերի հստակ միավորում ձեւավորելու համար այդ կուսակցությունների մի մասը եւ առաջին հերթին «Հանրապետություն»-ը պետք է հրաժարվեն իրենց դավանած ազատական արժեքներից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG