Մատչելիության հղումներ

Ուկրաինական ընկերությունը «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի գնման վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում չի ընդունել


Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտոնատարներն ասել են, որ աշնան սկզբին որպես «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի գնորդ անվանված ուկրաինական ընկերությունը առայժմ գործարքի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունել:

Հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ ուկրաինական «Ինտեր Կոնտակտ» ընկերությունը համաձայնել է 12 միլիոն դոլար վճարել «Նաիրիտ -1»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի դիմաց: Ըստ կառավարության, ուկրաինական ընկերությունը նաեւ առաջիկա վեց տարիներին 22 միլիոն դոլար էր ներդնելու «Նաիրիտ 1»-ի արտադրության մեջ:

Անցած շաբաթ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հաղորդել էր, թե գործարքի պայմանագիրը ստորագրվելու է «Ինտեր Կոնտակտ»-ի նախագահ Ալեքսանդր Յուդինի երկուշաբթի օրը սկսվող այցի ընթացքում:

Հայաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության լրատվության ծառայության պետ Անահիտ Խեչոյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց, որ փաստաթղթերի ստորագրումը ներկա երկօրյա այցի ընթացքում քիչ հավանական է, քանի որ ուկրաինական կողմը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել: Խեչոյանի խոսքերով, Յուդինին ուղեկցող փորձագետների խումբը հանգամանորեն կուսումնասիրի «Նաիրիտ»-ի վիճակը եւ եզրակացություն կներկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ալեքսանդր Յուդինը, որը նաեւ ուկրաինական խորհրդարանի անդամ է, Երեւան ժամանելուց անմիջապես հետո բանակցություններ է ունեցել առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG