Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այս օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ապրում է դեսպանական եւ այլ փոխատեղումների սպասումով», - փոխանցում է «Ազգ» թերթը, ընդհանուր առմամբ, պատկերելով, որ ենթադրվող նշանակումները հիմնականում բավական թույլ են, ազատված դեսպաններն էլ, որպես կանոն, չեն ցանկանում վերադառնալ Հայաստան եւ մնում են այն երկրներում, ուր պաշտոնավարել են: Արտգործնախարարության կադրերի անմխիթար համայնապատկերը «Ազգ»-ում լրացվում է գործող դեսպաններից ոմանց անընդունելի գործունեության արձանագրումներով: Մասնավորապես, նշված է Կանադայում դեսպան Արա Պապյանը, որի «ջղաձիգ նամակագրությունը կանադահայ համայնքի որոշ շրջանակների հետ տպագրել են անգամ ԱՄՆ-ի հայկական թերթերը»:

«Բարձրաստիճանների դղյակները» շարքում «Առավոտ» թերթն այսօր պատկերազարդ ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի առանձնատունը Իսպանիայի ծովափնյա քաղաքաներից մեկում: «Անշուշտ, կենտրոնական բանկի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, առավել եւս սովորական քաղաքացիների համեմատ բավականին բարձր (մոտ 2000 դոլար) աշխատավարձ է ստանում, բայց նույնիսկ մոտավոր հաշվարկի դեպքում կարելի է հասկանալ, որ հնարավոր չէ այդ «համեստ» աշխատավարձով դղյակ գնել Իսպանիայում», - նշում է թղթակիցը, ի վերջո բխեցնելով, որ «Տիգրան Սարգսյանը պետության, ասել է թե, ժողովրդի ֆինանսական միջոցների հետ վարվում է այնպես, ինչպես սեփական պապենական ժառանգության հետ»:

«Երբ պաշտոնական բազմապիսի քարոզչամիջոցները «Առավոտին» կպցնում են «ՀՀՇ-ականի» պիտակը, դա, թեեւ արդար չէ, բայց նորմալ է, սովորական եւ իր մեջ մահացու վիրավորանք չի պարունակում», - իր զգացողություններով է այսօր կիսվում «Առավոտ»-ի խմբագիրը: - «Վիրավորական է, երբ քեզ կապում են ներկայիս իշխանության հետ՝ այն իշխանության, որի օրոք տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ չբացահայտված սպանություններ ու «Հոկտեմբերի 27», այն իշխանության, որի ժամանակ մարդկանց սպանում են «թագավորին» սխալ բարեւելու համար, այն իշխանության, որն իր գործելակերպով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ, հետեւաբար, մեր երկրի տնտեսական զագացմանը»:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդն արժանի է ավելի բարձր մտավոր ու բարոյական հատկանիշներ ունեցող ղեկավարի: Սակայն», - նշում է խմբագիրը, - «դա իմ սուբյեկտիվ ընկալումն է, որը ամենեւին չի հավակնում վերջին ատյանի ճշմարտության դափնիների: Ուստի մեր թերթում մշտապես տեղ են գտնում եւ կգտնեն այն մարդկանց կարծիքները, որոնք անկեղծորեն հավանում են կամ ինչ-ինչ պատճառներով հարկադրված են գովաբանել ներկայիս նախագահին»: «Հարգել մարդուն (տվյալ դեպքում՝ ընթերցողին)՝ նշանակում է տալ նրան ընտրության հնարավորություն», - շեշտում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ես դեմ եմ կույր սիրո կամ կույր ատելության արտահայտություններին, ինչպես նաեւ միապաղաղ, երանգներ չտեսնող հայհոյանքին կամ գովասանքին՝ ում հասցեին էլ դրանք հնչեն»:

Միջթերթային հաշվեպարզման մի դրսեւորում էլ այսօր «Գոլոս Արմենիի» թերթում է, որն իր ծախվածության վերաբերյալ «Իրավունք»-ի հրապարակումներին պատասխանում է որպես սպառնալիք հնչող ակնարկով, թե իրենք էլ նորից կհրապարակեն՝ ինչ գումարներով են ՍԻՄ-ի ղեկավարները դարձել պատգամավոր: Այս թերթերի փոխադարձ գրագրության բառապաշարը արդեն անցենզուր որակումների շեմին է:

Քարոզչական ճամբարների բախումը նաեւ «Հայոց Աշխարհ» թերթի առաջին էջին է: «Միայն այն փաստը, որ նախկին իշխանության քարոզչական դաշտը ներկայացնող երկու ամենաանհանդուրժող ղեկավարները «Խոսքի (արտահայտվելու) ազատության ապահովումը Հայաստանում» թեմայով զեկույց են գրում ու ներկայացնում հանրությանը, արդեն իսկ ներկա հանցավոր վարչախմբի կողմից ազատ խոսքի ապահովման վկայությունն է», - նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանին եւ հեռուստառադիոպետկոմի նախկին ղեկավար Տիգրան Հակոբյանին է արձագանքում մեկնաբանը: - Մոռանալով իրենց օրոք կիրառված անհամեմատ ծավալուն բռնությունները, ճնշումերը, «Հակոբյանը Զուրաբյանի հետ ոչ միայն բազմակարծության բացակայության ահարկու պատկեր են ներկայացնում, այլեւ ահազանգ հնչեցնում, թե երկրում մոլեգնում է լրագրողների նկատմամբ բռնություններն ու շանտաժը, սապռնալիքներն ու ոտնձգությունները, լրատվական դաշտում առկա է իշխանությունների կոպիտ միջամտությունը»:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի մեկնաբանն էլ այսօր գրում է. «Դժվար է մտաբերել մի դեպք, առիթ, երբ, օրինակ, ՀՀՇ-ն եւ նրա քաղաքական արբանյակները քննադատական պոռթկումներ ունենան Թուրքիայի կան Ադրբեջանի դեմ: Երկրներ, որոնք օր առաջ երազում են Հայաստանի կործանումը... Մեր հին ու նոր ընդդիմադիրները, աշխարհում ամեն ինչ մոռացած, քարոզչական համազարկի տակ են պահում նախեւառաջ նախագահի ու Դաշնակցության դիրքորոշումները»:

Մեկնաբանը սին երազներ ու արհեստական գնահատականներ է միայն տեսնում օրերս հրապարակված նախկիններից մեկի վերլուծություններում, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմա կարծես շրջադարձ է կատարում դեպի Թուրքիա եւ Եվրոպա, Հայ դատն ու պահանջատիրությունը այլեւս չեն կարեւորվում: «Երկիր»-ում, մասնավորապես, նշվում է. «Հհշականներին «միամտաբար» թվում է, թե եթե պրն Օսկանյանը խոսում է մարդու իրավունքների ու ազգերի ինքնորոշման մասին, նշանակում է՝ նա կողմ է Արցախի հարցում անկախությունից կամ Հայաստանին միանելու գաղափարից հրաժարվելուն: Ճիշտ հակառակը, բոլորովին վերջերս առաջին անգամ պաշտոնապես նա հնչեցրեց հատկապես անկախության ու միավորման հնարավորությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG