Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում Հայաստանը վերջին տեղերից մեկում է


Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ընտանքիների եկամուտները եւ, մասնավորապես, երեխաների վրա ծախսվող գումարները ուսումնասիրող ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Ֆլորենցիայի Հետազոտական կենտրոնի հրապարակած «Անցումնային տասնամյակը» զեկույցի տվյալներով, Հայաստանը վերջին տեղերից մեկն է զբաղեցնում:

Հայաստանում երեխաների ճնշող մեծամասնությունը միջազգային չափանիշներով, փաստորեն, աղքատ է, տարրական պայմաններից զուրկ՝ եւ կրթության, եւ առողջապահության, եւ նույնիսկ սննդի տեսակետից: Հայաստանում, ինչպեսեւ Ուկրաինայում ու Ռուսաստանում թերսնված է յուրաքանչյուր 7 երեխայից մեկը, իսկ Ալբանիայում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում՝ յուրաքանչյուր 3-ից մեկը:

«Ցավոք սրտի, արեւելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նույնիսկ եթե տնտեսության հետ կապված որոշակի աճ կա, ապա սոցիալական ոլորտը հետ է մնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետ Գոհար Խոջոյանը:

Նրա խոսքերով, աղքատության սահմանը հաշվարկվել է ելնելով այն ցուցանիշից, որ ընտանիքը կարող է ապրել «մոտավորապես օրական 2.15 դոլարի սահմաններում»: Նման հաշվարկով, Հայաստանի Մոլդովայի, Տաջիկստանի երեխաների մեծամասնությունը գտնվում է չքավորության եզրից ցածր:

Հայաստանի սոցիալական ապահովության նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Սոնա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ աղքատներից ամենախոցելին այն ընտանիքներն են, որոնք ունեն անչափահաս երեխաներ: Սոցիալական ռիսկի ընտանիքներում ապրում է ավելի քան 190 հազար երեխա:

Դպրոց չհաճախող երեխաների թիվն իրականում բավականին մեծ է , սակայն այն դժվար է հստակցնել, քանի որ ինչպես ընտանիքը փող չունի երեխային դպրոց ուղարկելու համար, պետությունն էլ միջոցներ չունի այդ ընտանիքները հաշվարկելու համար:

«Ըստ կրթության նախարարության ներկայացրած ցուցակների, շուրջ 14 հազար երեխա դպրոց չի հաճախում զուտ սոցիալապես վատ պայմանների՝ գիրք, հագուստ չունենալու պատճառով», - ասաց տիկին Հարույունյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, տնտեսական առկա աճը շատ փոքր է ձեռքբերում համարվելու համար, եթե ելակետ ենք վերցնում մեկ անձի նվազագույն աշխատավարձը՝ 5 հազար դրամ:

«Սկսում ենք աճել 10 տոկոսով, 20 տոկոսով... քսան տարի է պետք է պետք է, որ գանք 100 դոլարի հասնենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տիկին Ալավերդյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG