Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչը չի շտապում գնահատականներ տալ իրավապահ մարմինների որոշմանը


«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ հետամուտ են լինելու որպեսզի հանցագործությունը բացահայտվի: Օրերս՝ դեպքից ավելի քան երկու ամիս հետո միայն, Երեւան քաղաքի դատախազությունը անզգույշ սպանության հատկանիշներով մեղադրանք առաջադրեց Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանին:

«Կա քրեական հանցագործություն: Եթե օրենքով գնա քննությունը եւ մեղավորները պատժվեն, հարց ընդհանրապես չկա: Եթե օրենքով չգա, եւ տեսնենք խախտումներ այդ պրոցեսի մեջ, տեսնենք, որ Հայաստանի դատական իշխանությունը կատարում է ինչ-որ խարդախություն, այդ ժամանակ մենք որպես կուսակցություն կխառնվենք: Եվ կխառնվեինք՝ անկախ զոհվածի քաղաքական պատկանելությունից», - հոկտեմբերի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր ՀՅԴ բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Այսօր, սակայն, կուսակցության տեսակետներն այդքան խիստ չեն: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն, օրինակ, կուսակցության անունից հույս հայտնեց, որ «դատախազությունը կամ դատախազը նման մեղադրանք են առաջադրել «խղճի ամենայն հանգստությամբ»: Իսկ իրենք այս պահին գերադասում են նախնական գնահատականներ չտալ իրավապահ մարմինների կայացրած որոշմանը:

Դեպքից հետո քրեական գործը հարուցվել էր դիտավորյալ սպանության հատկանիշներով: Աղամալ Հարությունյանին, սակայն, մեղադրանք է ներկայացված անզգուշությամբ կատարված սպանության հատկանիշներով:

«Իսկ եթե սխալ է մեղադրականը, պարզ կլինի դատարանում, եւ դատարանում ինչ որ պարզվի ըստ այնմ կկողմնորոշվենք՝ արդյո՞ք եղածը պարզապես նպատակահարմարության հարց էր, որ փոխվեց, թե եղած փաստերի վրա էր հիմնված», - «Ազատութոյւն» ռադիոկայանին ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքերով, իրենք էլ կարծում եւ ակնկալում էին, որ ավելի շուտ պետք է տվյալ անձին մեղադրանք առաջադրվեր: Ակնկալում էին նաեւ, որ նրա ձերբակալությունն էլ ավելի վաղ պետք է կատարվեր: Այնինչ, այսօր էլ դեռ պարզ չէ թե Աղամալ Հարությունյանն ընդհանրապես ձերբակալվա՞ծ է, թե՞ ոչ:

Այս տեղեկությունները խիստ գաղտնի են պահում թե' դատախազության համապատասխան աշխատակիցները եւ թե' մեղադրյալի շահերի պաշտպան Վահան Յանիկյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG