Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները խստացնում է ներգաղթի օրենքները


Վաղվանից բոլոր օտարերկրյա ավիաընկերություններից պահանջվելու է դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարելիք թռիչքներից առաջ մանրամասն տեղեկություններ հաղորդել բոլոր ուղեւորների եւ օդաչուների ինքնության վերաբերյալ: Այդ տվյալները ստուգվելու են համապատասխան մարմինների կողմից՝ մինչեւ ինթնաթիռների վայրէջք կատարելը:

Աշխարհի մոտ 9Օ ավիաընկերություններ վաղուց արդեն ինքնակամ կատարում են այդ պահանջը, սակայն 58 այլ ընկերությունների, այդ թվում նաեւ ռուսաստանյան «Աերոֆլոտ»-ին ուղղված հորդորն առայժմ անպատասխան է մնացել: «Հայկական ավիաուղիներ»-ի մասին տեղեկություն ստանալ այսօր չհաջողվեց:

Ըստ «Նյուսուիք» ամերիկյան պարբերականի, իշխանությունները խստացնում են երկիր մտնելու պահանջները: Դեսպանատներին հրահանգված է շատ ավելի հանգամանորեն ուսումնասիրել յուրաքանչյուր դիմում:

Իհարկե, առաջ էլ ոչ բոլոր դիմողներն էին մուտքի թույլտվություն ստանում՝ վիճակագրությունն այսպիսին է՝ ամբողջ աշխարհում մերժվում է դիմումների ուղիղ մեկ երրորդը: Հայաստանում այդ ցուցանիշը ավելի բարձր է՝ Երեւանի ամերիկյան դեսպանատունը մերժում է դիմումների մոտ կեսը: Եվ դա հասկանալի է՝ ողջ աշխարհում մերժման հիմնական պատճառն այն է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտավախություն ունեն, թե տվյալ մարդը պարզապես կմնա Ամերիկայում: Իսկ գաղտնիք չէ, որ հայաստանցիների դեպքում այդ մտավախությունն ավելի խորն է՝ ըստ անցած տարի հրապարակված տվյալների, Միացյալ Նահանգներ մեկնած հայաստանցիների 25 տոկոսը վիզայում նշված ժամկետից ավելի երկար է մնացել կամ ընդհանրապես չի վերադարձել:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG