Մատչելիության հղումներ

Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացման եզրին են


Երեւանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է Մինաս Ավետիսյանի որմնանկար ստեղծագործությունների լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչների հիմնական նպատակը հասարակության ու պետական այրերի ուշադրությունը Մինասի որմնանկարների անմխիթար վիճակի վրա հրավիրելն է:

«Շատ հետաքրքիր աշխատանքներ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՆՓԱԿ-ի տնօրեն Բալասանյանը, - «բայց համարյա ոչնչացած վիճակում են: Դրանք նկարչի հայրենի գյուղում՝ Ջաջուռում եւ Գյումրիում քարուքանդ շենքերի մեջ են եւ մատնված են բացարձակ անուշադրության»:

Նկարչի որդին մտավախություն հայտնեց, որ Մինասի որմնանկարները կորստյան եզրին են, քանի որ տարիներ շարունակ խնդրի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իր բոլոր ջանքերը ապարդյուն են անցել:

Ցուցահանդեսի բոլոր այցելուները համոզվում են, որ Հայաստանի իշխանությունները այօր կոնկրետ խնդիր ունեն՝ Մինասի որմնանկարները փրկել ոչնչացումից:

Կազմակերպիչների խոսքերով, մշակույթի նախարարության ղեկավարությունից ոչ ոք չի այցելել ցուցահանդես:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG