Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը առաջիկա ամիսներին հատուկ ուշադրություն է հատկացնելու ռազմական համագործակցությունը





Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին է հանձնել իր հավատարմագրերը:
Նախագահի հետ զրույցում դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ է աջակցելու Հայաստանին՝ բարգավաճ եւ անվտանգ ապագա կերտելու հարցում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Ջոն Օրդուեյը ասել է, իր երկիրը շահագրգռված է Անդրկովկասում կայունության ու խաղաղության հաստատմամբ եւ պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել ԱՄՆ հետեւողական օժանդակությունը մեր երկրին՝ անկախության վերահաստատումից հետո անցած տասը տարիների ընթացքում:

«Հանդիպման ժամանակ խոսակցություն է ծավալվել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման, տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ», - ասված է նախագալի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նորանշանակ դեսպանը Հայաստանի նախագահին հավաստիացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցությունը նկատվել եւ բարձր գնահատականի է արժանացել:

«Ես գիտեմ, որ մեր ընդհանուր պայքարում մենք կարող ենք հույս դնել Հայաստանի շարունակական աջակցության եւ համագործակցության վրա», - ասել է Ջոն Օրդուեյը:

Այսօր իսկ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում, մեկնաբանելով հավատարմագրերը Ռոբերտ Քոչարյանին հանձնման առիթով իր ուղերձի այն պնդումը, թե «մեր զինված ուժերի միջեւ համագործակցությունը պետք է հատուկ ուշադրության արժանանա հետագա մի քանի ամիսների ընթացքում», դեսպան Օրդուեյը ասաց, որ երբ հանվի Ադրբեջանին ամերիկյան աջակցություն տրամադրելու արգելքը (խոսքը «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւի ժամանակավոր կասեցման մասին է), դա կօգնի նաեւ Հայաստանի հետ զարգացնել ռազմական համագործակցությունը:

«Հայաստանի հետ ռազմական համագործակցության առումով դա կնշանակի, որ այն, ինչ մինչեւ հիմա իրագործելի չեր, մենք արդեն կարող ենք իրագործել: Կարող ենք ավելի սերտ համագործակցել», - ասաց դեսպանը՝ հստակեցնելով, որ ռազմական ոլորտի համագործակցութունը տարվելու է այնպիսի ճանապարհով, որ չխաթարվի տարածաշրջանի անվտանգությունը, հավասարակշռությունը:

«Ես կարծում եմ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների մերձեցումը կարող է միայն օգնել, օժանդակել ընդհանրպես տարածաշրջանում հարաբերությունների լավացմանը», - պատասխանելով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների աննախադեպ մերձեցմանը եւ մեր տարածաշրջանի զարգացումների համար դրա նշանակությանը վերաբերող հարցին, ասաց Ջոն Օրդուեյը, միաժամանակ նշելով՝ - «Դա չի նշանակում, որ եթե Միացյալ Նահանգների հարաբերությունները լավ են Ռուսաստանի հետ, ուրեմն լավ կլինեն նաեւ Հայաստանի հետ, կամ հակառակը»:

«Տարածաշրջանային կայունության համար ամենահզոր սպառնալիքը հանդիսանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի համար: Որքան երկար այս հակամարտությունը մնա չլուծված, այնքան ավելի կմեծանա վտանգի գործոնը թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար». մեկնաբանելով իր ուղերձի այս հատվածը, Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը ասաց. - «Վտանգ ասելով, ես նկատի ունեմ, որ նորից կարող են բռնություններ գործադրվել, կարող են նորից ռազմական պայքարի անցնել: Այդ դեպքում ոչ մի կողմը շահեկան վիճակում չի հայտնվի»:

Ջոն Օրդուեյը արտասահմանյան ծառայության կարիերային պաշտոնյա է, աշխատել է Պրահայի եւ Մոսկվայի ԱՄՆ դեսպանատներում, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի ԱՄՆ առաքելությունում: Հայաստանում նշանակում ստանալուց առաջ եղել է Ռուսաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG