Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ռուս-ամերիկյան մերձեցումը դրական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա»


«Ռուս-ամերիկյան հարաբերությունների մերձեցումը շատ դրական գործոն է հանդիսանում: Դա միայն ու միայն դրական ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի վրա եւ հատկապես Հայաստանի վրա, որովհետեւ մեր վարած կոմպլեմենտար քաղաքականությունը այստեղ շատ ավելի իմաստավորվում եւ արժեքավորվում է՝ ի տարբերություն մեր հարեւանների», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը տված հարզացրույցում, խոսելով ռուս-ամերիկյան աննախադեպ մերձեցման եւ կովկասյան տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին, ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանի արժեքը...որպես հուսալի գործընկեր այդ տարածաշրջանում ավելի է բարձրանում: Այնպես որ, ես կարծում եմ, որ դա իր դրական ազդեցությունը կունենա եւ Հայաստանի, եւ հուսով եմ նաեւ՝ տարածաշրջանի վրա»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե արդյո՞ք որեւէ նոր զարգացում նշմարվում է Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններում, Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ ՄԱԿ-ում իր ելույթի կարեւորագույն հատվածներից մեկը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին:

«Այսօր բոլորի կողմից ցանկություն կա աշխարհը դարձնելու ավելի խաղաղ եւ կայուն: Դրա ամենավառ օրինակը ռուս-ամերիկյան այս ջերմացումն ու մերձեցումն է... Իմ ելույթում ես կոչ եմ արել, որ այս նոր մթնոլորտի մեջ Թուրքիան հանի իր դրած նախապայմանները Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ զարգացնելու՝ բացել սահմանները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ», - ասաց Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանը վստահություն հայտնեց, որ պետական մակարդակով, երկխոսության միջոցով Հայաստանն ու Թուրքիան կկարողանան ինչ-որ լուծում տալ ցեղասպանության ճանաչման հարցին եւ որպես խոչընդոտ վերացնել այն՝ երկու ժողովուրդների հարաբերությունները զարգացնելու նպատակով:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG