Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ չորեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկին Երեւանում անցկացրած բանակցություններից հետո հայտարարեցին, որ խթանելու են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը: Հայ-լեհական «քաղաքական երկխոսությանը» պետք է լրացվի ավելի սերտ տնտեսական կապերով:
«Նախագահներն իրենցն են անում», - երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսում ասաց Ալեքսանդր Կվաշնեւսկին, - «սակայն, քանի որ մենք ապրում ենք լիբերալ տնտեսության պայմաններում, նրանք չեն կարող գործարար բնույթի պայմանագրեր կնքել: Աշխատանքի կենտրոնը այս դեպքում անցնում է գործարար շրջանակներին, որոնք պետք է մտածեն համատեղ ծրագրերի ու շփումները խորացնելու հնարավորությունների մասին»:
«Մենք պայմանավորվել ենք ամուր հիմք ստեղծել երկու երկրների միջեւ արդյունավետ տնտեսական համագործակցության համար», - համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի նախագահը:
Երկու նախագահներն էլ իրենց դժգոհությունը արտահայտեցին երկկողմ առեւտրի ներկայիս համեստ մակարդակով: Հինգշաբթի օրը նրանք Երեւանում կբացեն հայ-լեհական գործարար համաժողով՝ Լեհաստանի նախագահի հետ ժամանած լեհ գործարարներ մասնակցությամբ:
Նախագահների ստորագրած համատեղ հայտարարության մեջ նշվում է կողմերի լուրջ մտահոգությունը ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական գործողությունների առնչությամբ եւ նրանց պատրաստակամությունը վճռականորեն սատարելու միջազգային հանրության հակաահաբեկչական գործողություններին:
«Կողմերը կարեւորում են համագործակցությունը Եվրոպայում, մասնավորապես Հարավային Կովկասում վստահության եւ անվտանգության մթնոլորտն ամրապնդելու, առկա հակամարտությունները խաղաղ եւ արագ, բոլոր ներգրավված կողմերի համար ընդունելի տարբերակով կարգավորումը», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Արմեն Զաքարյան, Երեւան