Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի պետական եւ քաղաքական շրջանակներում գերիշխող է այն կարծիքը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ոչ մի նոր մանրամասն չավելացրեց Ղարաբաղի շուրջ գործընթացներին: Կարծում եմ, դա այդպես չէ», - բանավիճում է «Առավոտ» թերթի վերլուծաբաններից մեկը, առանձնացնելով մի քանի մտահոգիչ պահ. «Հայաստանի հանրությունը պատասխան չստացավ համանախագահներից. ե՞րբ է Ղարաբաղը նորից ներգրավվելու խաղաղ գործընթացում... Համանախագահները ակնարկեցին, որ միջնորդական ջանքերին ավելի ակտիվ պետք է տեղյակ պահվի Թուրքիան»: Վերջապես, «համանախագահները միանշանակ կարծր գնահատական չտվեցին Հեյդար Ալիեւի ռազմատենչ ելույթներին: Նոյեմբերի 8-ին հրապարակված համանախագահների համատեղ փաստաթղթի մեջ դատապարտվում են անպատասխանատու հայտարարությունները, բայց չի նշվում, թե ովքեր են դրանք անում»:

«Հարեւան երկրի ղեկավարները մարդկության ընթացքում ծագած բյուրավոր պատերազմների եւ դրանց հետեւանքների տրամաբանությունը գլխիվայր են տեսնում ու հասկանում», - անդրադառնում է «Ժամանակ»-ի մեկնաբանը: - «Պարտվողին՝ դափնեփսակներ ու տարածքներ, հաղթողին՝ փշեպսակ ու արյունով ազատագրված հողի հետհանձնում: Դեռ պատմական ճշմարտությունը, ագրեսիան իր կողմից նախաձեռնված լինելու փաստը մի կողմ դրած»:

Ադրբեջանի նախագահը նույնիսկ դիվանագիտական փոքրիկ խորամանկություններ չի բանեցնում, եւ տպավորություն է ստեղծվում, թե «խիստ անհեռատես, իր փորձառությանը անհարիր, նույնիսկ կամակոր դիրք է գրավել»: Սակայն, - խտացվում է «ժամանակ»-ում, - պարզապես մոտեցող նախագահական ընտրությունների համար է հաշվարկված, որ «իմաստուն քաղաքագետի իմիջից առավել ազդեցիկ է անհողդողդ ռազմամոլինը»:

«Ողջ աշխարհում ձեւավորվում է սկզբունքորեն նոր կացություն, որի պայմաններում տարածաշրջանում ռազմական հակամարտության բորբոքման հավանականությունը գնալով նվազում է»: Այս նախասահմանումից հետո «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը վերլուծել է՝ «Չի կարելի բացարձակացնել նաեւ այն տեսակետը, համաձայն որի Ադրբեջանի շարունակվող համառության պատճառը միայն այդ հանրապետության ներքաղաքական կացության մեջ է թաքնված... Այստեղ առկա է մեկ այլ հաշվարկ, որի հիմքում դրված է ոչ թե պատերազմական ռեւանշի գաղափարը, այլ տարածաշրջանի շուրջ ինտենսիվորեն ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերը սեփական շահերին ծառայեցնելու ձգտումը»:

«Ավելի ու ավելի է մոտենում փոխադարձ շահերի մերձեցման ու համադրության այն x պահը, երբ գերտերությունները փորձելու են կողմերին պարտադրել հակամարտության կարգավորման մեկ ընդհանուր բանաձեւ: Նման պայմաններում Ադրբեջանը փորձում է ինտենսիվորեն օգտագործել ընձեռված ժամանակը, որպեսզի իր օգտին փոխի միջազգային հանրության շրջանում արդեն իսկ արմատավորված պատկերացումները Լեռնային Ղարաբաղի, որպես ինքնուրույն գործոնի վերաբերյալ»: Մեկնաբանի ամփոփմամբ, «Ադրբեջանի կողմից դրսեւորվող համառությունը պետք է զգաստացնող ազդեցություն ունենա հայկական կողմի վրա, որը չպետք է նստի ու սպասի՝ հանգստանալով սեփական կառուցողականության դափնիների վրա»:

Հայաստանի ներքաղաքական շարժերը մամուլում փոքր-ինչ նոր առիթով ծամելու խթան է դարձել ՍԻՄ-ի կիրակնօրյա համագումարը: «Իրավունք» թերթի արժեվորմամբ, «համագումարը ցույց տվեց, որ մերժելի են ու ապագա չունեն քաղաքական ծայրահեղ ուղեգծերը, որոնք ոչ այլ ինչ են, քան վաղաժամ սկսված ընտրարշավի դրսեւորումներ, ընտրարշավ, ուր մրցակցում են ոչ թե գաղափարներն ու ծրագրերը, այլ գործադիր իշխանությանը տիրանալու կամ այն պահելու ձգտումները»:

«Երկիր» թերթն ակնարկում է, թե ՍԻՄ-ը իր դիրքերի, մոտեցումների գերագնահատումներ է անում: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով էլ, այդ կազմակերպության ղեկավարները «իրենց բնորոշ կերպով կարողացան խուսանավել որեւէ մեկի կողքին կանգնելու անհրաժեշտությունից... Իշխանություններից որոշակի ակնկալիքներ ունենալով, ՍԻՄ-ի չի վառում կամուրջները նաեւ ընդդիմադիր ուժերի հետ», բայց նման պահվածքն էլ կարող է տեւել միայն մի քանի ամիս:

Այսօր Վանո Սիրադեղյանի 55-ամյակն է: «Պատմությունն, իհարկե, ամեն ինչ կհաշվեկշռի», - այս առիթով գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Հիմա դժվար է ասել, թե արցախյան ճակատում տարած հաջողությունների ո՞ր տոկոսն է ապահովել Սիրադեղյանի ղեկավարած ՆԳ նախարարությունը՝ իր նյութական ու մարդկային ռեսուրսներով... Այո, այդ նյութական ռեսուրսների մի մասը անօրինական էր հավաքագրվում.. Չեմ կարող ասել նաեւ, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե պատերազմի թիկունքում կարգ ու կանոն չհաստատվեր, եթե քրեական տարրերը այդ ընթացքում չսսկվեին: Այո, դա հաճախ արվում էր կամայականությունների գնով, բայց կա՞ր արդյոք ուրիշ ճանապարհ»:

«Այսօր խոսել Վանոյի դղյակի մասին, լուրջ չէ, որովհետեւ Քոչարյանի գլխավոր թիկնապահ Գրիշայի կամ թեկուզ ներկայիս ՆԳ նախարարի առանձնատների հետ համեմատած՝ այդ չարչրկված տունը բավականին համեստ է երեւում», - մեր օրերին է հասնում խմբագիրը: - «Այսօր ծիծաղելի է խոսել նաեւ Վանոյի բերած կորեական «Հունդայիների» մասին, քանի որ այժմ ՆԳ-ի վերնախավը երթեւեկում է դրանցից առնվազն տասն անգամ ավելի թանկ «Ջիպերով»:

«Քաղաքական-փիլիսոփայական առումով Վանոյի մեղքերը շատ են: Բայց», - եզրափակել է «Առավոտ»-ի խմբագիրը, - «ճիշտ է նաեւ այն, որ ներկայիս իշխանավորների հետ համեմատած՝ նա պարզապես Սանտա Կլաուս է, հին, բարի Սանտա Կլաուս՝ ձմեռային հեքիաթից»:

«Հայոց Աշխարհ» թերթը շարունակում է ներկայացնել «Հոկտեմբերի 27»-ին առնչվող մի շարք դրվագներ, որոնք պիտի հաստատեին Սիրադեղյանի մեղսակցությունը: Այստեղ մատուցված է, մասնավորապես, հետեւյալ պատկերը. «Վազգեն Սարգսյանը լի էր երկրում օրինականություն հաստատելու վճռականությամբ, ինչը, անշուշտ, Վանո Սիրադեղյանին եւ նրա հանցակիցներին ձեռնտու լինել չէր կարող: Հետեւապես, նրանց փրկությունն արդեն Վազգեն Սարգսյանին շուտափույթ վերացնելու մեջ էր, ինչով էլ թերեւս բացատրվում է Ն. Հունանյանի խմբի ցուցաբերած շտապողականությունը»:

«Երկիր» թերթը ողջունում է կառավարության քայլը՝ եկող տարվա պետական բյուջեն ծրագրել առանց միջազգային ֆինանսական կենտրոնների հերթական վարկավորման՝ կախումներից զերծ մնալու համար: Բայց միանգամից նաեւ հարց է սրվում՝ ինչքանով են իրական ներքին ֆինանսական ռեսուրսներին ապավինելու մեր հնարավորությունները: «Հզոր կլանները շարունակում են մնալ հարկային դաշտից դուրս, շարունակում են գերշահույթներ ստանալ, իսկ հարկային բեռը գնալով ծանրանում է առանց այդ էլ բարեխիղճ հարկատուների վրա, ինչը ի վերջո կքայքայի նրանց անկայուն տնտեսությունը», - վիճակագրում է մեկնաբանը: - «Հիմա կրկին ու կրկին հարց է առաջանում, ինչու էլ ավելի սրել հարկային ճնշումը, երբ կա հսկայական չհարկված դաշտ: Վերջապես, ե՞րբ պետք է իշխանությունը հանդգնի վերահսկողություն հաստատել կլաննների վրա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG