Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի շրջայցը սահմանային զորամասեր





Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 9-11-ը ՀՀ զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զորամասերի մարտական եւ տակտիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը մոտիկից ծանոթանալու նպատակով այցելել է հանրապետության սահմանները հսկող մի շարք զորամասեր:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, երկօրյա այցի ժամանակ Հայաստանի նախագահը մոտիկից ծանոթացել է սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստականության վիճակին:Հաղորդագրությունը չի մասնավորեցնում, թե կոնկրետ որ զորամասերն է այցելել նախագահ Քոչարյանը:

«Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարը, ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով զորամասերի հրամանատարներին, նշել է, որ ձեռք բերած արդյունքներով բավարարվել չի կարելի, բանակի բարձր մարտունակության գաղտնիքը նրա շարունակական զարգացման ու կատարելագործման, անդուլ ուսուցման, մարտատեխնիկական հզոր վերընթացի մեջ է», - ասված է հաղորդագրությունում:

Կարճ ժամանակահատվածում սահմանային գոտու ողջ երկայնքով կառուցվել են նոր կայաններ, որոնց շնորհիվ բարելավվել են դիրքային ծառայություն կատարող զինվորների ու սպաների կենցաղայաին պայմանները: Ըստ հաղորդագրության, Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաեւ զինվորական հրաձգարան, ուր ականատես է եղել մարտական պատրաստականության ուսուցմանը. «Ծանոթանալով ուսուցման ծրագրերին եւ ուսումնական կրակադաշտի հնարավորություններին, Ռոբերտ Քոչարյանն իր գոհունակությունն է հայտնել հրամանատարությանը եւ նշել, որ մարտավարության բարձրագույն պահանջների հասնելու համար չպետք է բավարարվել ձեռքբերածով»:

Սպայական կազմի հետ անցկացրած խորհրդակցությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ նշելով դրանց կատարման ժամկետները:

Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար այցելում է ՀՀ զինված ուժերի զորամասեր, սակայն ներկա շրջայցը, թերեւս ամենաերկարն է, որը տեղի ունեցավ Ադրբեջանում հնչող ռազմատենչ հայտարարություններից եւ այն բանից հետո, երբ Ադրբեջանում քննադատվեցին անցած շաբաթվա տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների նորացված խաղաղ առաջարկները:

«Վերջին առաջարկություններում ես առանձնապես փոփոխություններ չեմ տեսնում Ադրբեջանի համար: Դրանք անընդունելի են», - անցած ուրբաթ ասել է Հեյդար Ալիեւի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Նովրուզ Մամեդովը: Համահունչ մեկնաբանություններ է արել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը անցած շաբաթ Ստրասբուրգում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պաշտպանում են Մինսկի խմբի առաջարկները: Անցած ուրբաթ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել է, թե Հայաստանը պատրաստ է շարունակել քննարկումները, ավելացնելով, որ «Հայաստանը չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն փարիզյան սկզբունքներին»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG