Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի տեսաբանի ընդգծմամբ, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունները «ռազմավարական-հարձակողական սպառազինությունների աննախադեպ կրճատման գնալու ԱՄՆ ցանկության եւ որպես դրա պատասխան հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագիրը վերանայելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, ոչ թե երկու գերտերությունների առաջնորդների բարձր մակարդակի հանդիպումներին սովորաբար նախորդող դիվանագիտական ժեստեր են, այլ ողջ մարդկությանը դեպի սկզբունքորեն նոր աշխարհակարգ առաջնորդող հիրավի պատմական իրադարձություններ, ...ավարտին են հասցնում ոչ միայն «սառը պատերազմի», այլեւ նրան հաջորդած միաբեւեռ աշխարհակարգում ԱՄՆ միանձնյա տիրապետության դարաշրջանը»:

Եվ դա գալիս է գիտակցությունից, որ ինչքան էլ գերհզոր լինես, նորագույն զենքի պաշարներ ունենաս, ահաբեկիչները կարող են կաթվածահար անել, եթե գերտերությունները «չդադարեցնեն միմյանց ուժասպառ անող մրցակցությունը ռազմավարական նշանակության զինատեսակների ծավալման ոլորտում եւ ազատվող միջոցները չօգտագործեն ահաբեկչության եւ իսլամ արմատականության դեմ պայքարի ծավալման համար, չկարողանան հստակորեն որոշել իրենցից յուրաքանչյուրի ռազմավարական վերահսկողության գոտիները՝ դրանց շրջագծում բացառելով մյուս կողմի դեմ գործող ահաբեկչական կազմակերպությունների գոյությունը»:

Տեսաբանի հայացքով, «ակնհայտ է, որ փոխադարձ շահերի եւ պատասխանատվության տարանջատման նման համակարգի ձեւավորման գործընթացը հանգեցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական վերահսկողության անվերապահ ճանաչմանը... Դրա հետեւանքով Ռուսաստանը դառնալու է ԽՍՀՄ փլուզման դարաշրջանում ի հայտ եկած հակամարտությունների կարգավորման եւ փակված հաղորդակցության ուղիների բացման գործի նախաձեռնողը՝ ողջ անդրկովկասյան տարածաշրջանում»:

Մյուս կողմից, «Ազգ» թերթում ներկայացվող վերլուծականի համաձայն, Միացյալ Նահանգները հիմա էլ օժանդակում է Անդրկովկասում Թուրքիայի ակտիվացմանը եւ «նախագահ Սեզերի Դուշանբե ու Թբիլիս կատարած այցը դրա արտահայտությունն է»:

«Առավոտ» թերթում էլ հերթական հրապարակումն է, պնդումով, թե «վերջին երեքուկես տարում վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը հայտնվել է շատ ծանր իրավիճակի մեջ... ի չիք են դարձվում նախկինում եղած արտաքին քաղաքական լուրջ ձեռքբերումները»: Որպես ճգնաժամի, փակուղու դրսեւորում «Առավոտ»-ը համակցել է, որ վերին պաշտոնյաները, մասնավորապես , նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը իրար հակասող հայտարարություններ են անում:

«Իշխանության տարիներ մեր արածը պետք է լիներ հասարակության ապագան», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում իր հերթին ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: - «Մի քանի տարի առաջ եղած բոլոր դրական միտումները ոչնչացվեցին, եւ այսօր շատ ավելի վատ վիճակում ենք»: Բագրատյանը պնդում է, որ չնայած հռչակված ցուցանիշներին, «նախորդ տարիների նկատմամբ տնտեսական աճն ավելի փոքր է»: Ըստ նրա, «ժամանակն է շրջանառության մեջ դնել «տնտեսական աճի որակ» հասկացությունը», այլապես երբ «հարստության բեւեռացման տեմպերը գերազանցում են տնտեսական աճի տեմպերին, հասարակության մեծ մասի համար նման դինամիկան ընկալվում է իբրեւ ոչ առաջադիմական»։

Ի՞նչ ելք է տեսնում նախկին վարչապետը. «Պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը հասարակության զարգացման պահանջներին համապատասխան ճիշտ որոշումներ կայացնի: Միանշանակ այդ իշխանությունը պետք է լինի ազատական: Պետք է դեն նետել մեծամիտ արտաքին քաղաքականությունը, մեր պոտենցիալների մասին բարձրագոչ խոսքերը, հայրենասիրության ու ազգայնականության շփոթումը, ազգային թուլություններն իբրեւ ազգային արժեք ներկայացնելը, մարդու իրավունքներն ու շուկայական տնտեսության կանոնները չհարգելը»:

Որո՞նք են այն նախապայմանները, որոնց առկայությունն իսկ սպառնալիք է ստեղծում ցանկացած երկրի ազգային անվտանգության համար: «Ժամանակ» թերթի մեկնաբանը թվարկում է. «Տնտեսության զարգացման, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ցածր մակարդակ: Պետական համակարգի անկատարություն: Հասարակության սոցիալ-քաղաքական բեւեռացում: Հոգեւոր զարգացման մակարդակի անկում: Ազգամիջյան եւ տարածաշրջանային կոնֆլիկտներ: Ժողովրդագրական վիճակ եւ դրա փոփոխությունների միտումներ, արտագաղթ: Կրթական եւ գիտական ներուժի անկում, «ուղեղների» արտահոսք: ործազրկության չափեր, զբաղվածության հիմնահարց»:

Եվ ամբողջ այս թվարկածը, ինչպես սահմանում է մեկնաբանը, համապատասխանում է «մեր այսօրվա սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-գաղափարական կացությանը... ասել է թե՝ նահանջելու տեղ այլեւս չունենք, եւ միայն ազգային անվտանգության հայեցակարգ ընդունելով գլոբալ սպառնալիքը չենք կանխի: Այդ հայեցակարգը պիտի կարողանանք դարձնել կենսակերպ, հավատամք, անգամ՝ մոլեռանդության հասնող», - բխեցվում է «Ժամանակ»-ում:

«Նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարույունը հավանություն տվեց վերջերս մշակված հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որից հայ գործադիրը մեծ ակնկալիքներ ունի 2002 թ. պետական բյուջեի կատարողականի ապահովման առումով»: Կառավարությունը ենթադրում է դրա շնորհիվ նախորդ տարիների համեմատ զգալիորեն ավելի հարկեր հավաքել: Այդ ի՞նչ շրջադարձի լավատեսության հիմք կա մի երկրում, ուր տասը տարի շարունակ բյուջեն թերակատարվում է: Տնտղելով իրավիճակը, «Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. «Մնում է սոսկ ենթադրել, որ կառավարությունը պատրաստ է միաժամանակյա հարկային «պատերազմ» հայտարարել թե' տնտեսության ստվերային մասին, թե' դրան հովանավորող հարկային դաշտի վարչարարներին», ինչը, սակայն, քիչ հավանական է թվում:

Ակնհայտ է նաեւ, որ «դրան զուգահեռ, վաղ թե ուշ կարիք է առաջանալու մեկընդմիշտ հրաժարվել գերավճարների եւ կանխավճարների կիրառումից եւ հույսը դրել հիմնականում երկրի տնտեսության իրական հատվածի վրա, որի ռեալ հնարավորությունները առայսօր իրատեսորեն չեն գնահատված»: Այնպես որ, առայժմ բյուջեի նախագծում սոսկ բարի ցանկությունների հերթական հավաքածու է ստացվում:


Վաչը Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG