Մատչելիության հղումներ

Իոն Իլիեսկուի խոսքերով, ղարաբաղյան հարցը ստալինյան ժամանակաշրջանի թողած ծանր հետքերից է





Հինգշաբթի օրը Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին: Խոսելով պատմական անարդարությունների մասին, Իլիեսկուն նշեց, որ ստալինյան ժամանակաշրջանը ամենուրեք ծանր հետքեր է թողել: Այդ ծանր հետքերից մեկն էլ այն է, «որ մեծամասնությամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի տարածքում գտնվող ու մեծամասնությամբ ադրբեջանցիներով բնակեցված Նախիջեւանը Ադրբեջանի տարածք են համարվել: Երկուսն էլ կախված են Բաքվից», - ասաց Ռումինիայի նախագահը:

«19-րդ դարի սկզբներին Ռուսաստանը օկուպացրեց պատմական Ռումինիայի Մոլդավայի գավառի տարածքի կեսը՝ ստեղծելով Բեսարաբիայի նահանգը», - իրենց տարածքային խնդիրներին անցավ Ռումինիայի նախագահը: - «Այնպես որ Ռումինիան էլ տարածքներ կորցելու հետ կապված հարցեր ունի, եւ հիմա այդ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ուժի, այլ քաղաքական միջոցներով»:

Հայաստանում իր պաշտոնական այցի երկրորդ օրը Ռումինիայի նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Վեհափառ Հայրապետը, ողջունելով բարձրաստիճան հյուրին նշեց, որ հայ եւ ռումին ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նախանձախնդիր է նաեւ հայ եկեղեցին: Նա իր երախտագիտությունն է հայտնել Ռումինիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ տածած ջերմ վերաբերմունքի համար:

Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությունից հետո Ցեղասպանության թանգարանի գրառումների մատյանում Ռումինիայի նախագահը 1915 թվականի իրադարձությունները բնորոշեց «ողբերգություն» բառով:

Այսօր երեկոյան նախագահ Իոն Իլիեսկուի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Բուխարեստ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG