Մատչելիության հղումներ

Հոլանդիան եւ Հայաստանը զարգացնելու են տնտեսական համագործակցությունը





Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Նիդեռլանդների Թագավորության ֆինանսների նախարար Խերրիտ Զալմը այսօր Երեւանում ստորագրեցին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված երկու հիմնարար փաստաթուղթ։ Դրանցից մեկը վերաբերում է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման բացառմանը, մյուսը՝ երկու երկրների միջեւ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության սկզբունքներին։

Տնտեսության բնագավառում Նիդեռլանդների Թագավորությունը Հայաստանի եվրոպական գործընկերների մեջ որոշիչ դեր չի խաղում: Փոխադարձ առեւտուրը չի անցնում 15 միլիոն դոլարից, իսկ մինչ այժմ հոլանդական ընկերությունների ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են ընդամենը 2,5 միլիոն դոլար։

Այդուհանդերձ, Հոլանդիան Հայաստանին զգալի տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ առողջապահության բնագավառներում։ Այդ ոլորտներում այժմ յոթ համատեղ ծրագրեր են իրականացվում։

Հոլանդիան նաեւ դոնորական օգնություն է ցուցաբերում Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում։ Այդ կազմակերպություններում Հայաստանը Նիդեռլանդների կողմից գլխավորած երկրների ենթախմբի մեջ է, եւ այս երկրի դերը, թեեւ անուղղիորեն, մեծ է կառավարության բյուջետային խնդիրների լուծման հարցում։

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում Նիդեռլանդների Թագավորության ֆինանսների նախարարը ասել էր, թե տարածաշրջանային ծրագրերի իրագործումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այսօր, փաստաթղթերի ստորագրումից հետո երկու երկրների ֆինանսների նախարարների համատեղ ասուլիսում Խերրիտ Զալմը անդրադառնալով դրան, ասաց. - «Երկրորդ աշխարհամարտից հետո մենք անմիջապես չսկսեցինք քաղաքական համագործակցությունից, այլ սկսեցինք տնտեսական համագործակցությունից՝ պողպատի եւ ածուխի բնագավառում։ Եվ փորձը ցույց տվեց, որ դա շատ լավ մոտեցում է՝ սկսել տնտեսական համագործակցությունից, որ հետո հանգեցնում է տեւական եւ կայուն խաղաղության»:

«Նույն փորձը կարելի է կիրառել եւ ձեր տարածաշրջանում», - ասաց Նիդեռլանդների թագավորության ֆինանսների նախարարը։ - «Մենք, անշուշտ, մեր կողմից պատրաստ ենք սատարել եւ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել ցանկացած տնտեսական համագործակցության ծրագրերին, որոնք ներառում են բոլոր երեք անդրկովկասյան երկրները։ Ես չեմ կարծում, թե մենք պետք է նման ծրագրեր առաջարկենք։ Դրանք պետք է տեղում ծագեն»։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG