Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության խնդիրներին նվիրված սեմինար Երեւանում


Ջորջ Մարշալի անվան Եվրոպական անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության համահովանավորությամբ այսօր Երեւանում բացվեց «Քաղաքացիական եւ զինվորական իշխանությունների փոխհարաբերությունները ազգային անվտանգության ծրագրավորման գործընթացում» սեմինարը:

Սեմինարի մասնակիցների թվում են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Սեմինարը բացեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Ընդգծելով միջոցառման կարեւորությունը, Աղաբեկյանը ասաց, որ այն հնարավորություն է տալիս նաեւ ոչ ուժային կառույցների մասնակցությամբ ուրվագծել այն հիմնական անելիքը, ինչը կարող է դրվել Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի հիմքում:

Հայաստանի արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման եւ անվտանագության խնդիրների վարչության պետ Վահրամ Գաբրիելյանն ասաց՝ թե այսօրինակ սեմինարները կօգնեն վերջնականապես հստակեցնել մեզ համար ամենաէական խնդիրները՝ ազգային անվտանգության առումով: Նա, օրինակ ասաց, թե ներկա սեմինարը լավ առիթ է, որ ամերիկացի մասնակիցները պարզաբանեն, թե «Թուրքիան, լինելով ՆԱՏՈ-ի անդամ պետություն, ինչպիսի սահմանափակումներ ունի իր արտաքին ռազմական գործողությունների առումով: Արդյո՞ք նա կարող է առանց ՆԱՏՈ-ի թույլտվության կամ հովանավորության կատարել լուրջ ռազմական գործողություն իր սահմաններից դուրս»:

«Բաց դռների պայմաններում չէ, որ մշակվում է ազգային անվտանգության հայեցակարգը», - ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: - «Այս բոլոր սեմինարներն ու քննարկումները պետք է ի վերջո բերեն մի գաղափարի, որ երկրում պետք է ստեղծվի ռեալ գործող Ազգային անվտանգության խորհուրդ»:

Սեմինարը կաշխատի մինչեւ նոյեմբերի 2-ը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG