Երեւանում այսօր տեղի ունեցավ հանրահավաք՝ նախագահ Քոչարյանի հրաժարականի պահանջով: Այն կազմակերպած ընդդիմադիր ուժերի առաջնորդները մեկ անգամ էլ հավաստեցին սահմանադրական ճանապարհով նախագահի պաշտոնանկությանը հասնելու իրենց մտադրությունը:
Արմատական ընդդիմության եռյակը կազմող «Ազգային միաբանություն», «Հանրապետություն» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունների բազմահազարանոց հանրահավաքն այսօր Մատենադարանի առջեւի հարթակից ձգվում էր մինչեւ Մաշտոցի պողոտա, որի սկզբի հատվածում երթեւեկությունը փակ էր:
Ըստ հանրահավաքի կազմակերպիչների, մասնակիցների թիվը անցնում էր 20 հազարից: Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Հովհաննես Վարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանրահավաքի մասնակիցների թիվը չի անցել 7-8 հազարից:
Հանրահավաքի հիմնական կարգախոսը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր: Ցուցապաստառները կրում էին նաեւ «Պահանջում ենք հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտում», «Սպարապետի գործն անմահ է», «Ահաբեկչության հովանավորները հավասար են ահաբեկիչների», «Նաիրի Հունանյանը դավաճան է» մակագրությունները:
«Մենք արդեն ձեւակերպել ենք մեր տեսակետը, եւ այդ կարծիքը ձեւավորվել է ժողովրդի հետ մեր շփումների արդյունքում: Հայաստանի Հանրապետության բարգավաճումը, մեր երկրում կարգուկանոնի եւ օրինականության հաստատումը պահանջում են Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից», - իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Եվ գնալու ենք սահմանադրական ճանապարհով: Սկսված է պաշտոնանկության գործընթացը, եւ այն մենք անպայման ձեզ հետ միասին ավարտին ենք հասցնելու»:
ՀԺԿ-ն ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Զաքարյանը հավաքվածներին դիմեց հետեւյալ կոչով՝ «Ստիպեք Ազգային Ժողովի պատգամավորներին՝ յուրաքանչյուրդ ձեր տարածքում, որ միանան պաշտոնանկության գործընթացին»:
Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Վերջինս հեռուստաեթերով բաց զրույցի հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին:
Ռուզան Խաչատրյան, Երեւան