Մատչելիության հղումներ

Ադրիան Սեւերին. «Բռնություններով ու ռազմական ուժով խնդրին լուծում չկա»


«Մենք չպետք է շտապենք դատապարտելու հարցում, եթե մենք սկսենք դա անել, ապա կանգ չենք առնի երբեք», - «Զվարթնոց» օդանավակայանում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու անմիջապես չի դատապարտել Հեյդար Ալիեւի ռազմաշունչ հայտարարությանը, ասաց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինը: - «Բռնություններով ու ռազմական ուժով խնդրին լուծում չկա»:

Չորեքշաբթի օրը Բաքվում Ադրիան Սեւերինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասել էր՝ «Կամ Մինսկի խումբը սկզբունքային դիրքորոշում է ընդունում այս հարցում, կամ մենք ստիպված կլինենք ռազմական միջոցներով ազատագրել մեր հողերը:»

Ադրիան Սեւերինը Երեւան է ժամանել իր առաջին տարածաշրջանային այցի շրջանակներում: Նա արդեն եղել է Վրաստանում եւ Ադրբեջանում, իսկ Հայաստան այցելության ընթացքում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Ռոյ Ռիվի խոսքերով, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետաքրքրությունների առանցքում հիմնականում Լեռնային Ղարաբաղն է:

Ադրիան Սեւերինը հայտարարեց, որ իր նպատակը Կովկասում խաղաղ լուծումները քաջալերելն է, իսկ դրա համար անհրաժեշտ հիմքը երխոսություն վարելու պատրաստակամությունն է, նկատելով սակայն, թե համագործակցության հեռանկարներ չեն ուրվագծվում, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ:

«Առաջին հերթին համագործակցություն հակամարտություները կարգավորելու ուղղությամբ», - ասաց Սեւերինը, - «որից հետո միայն ավելի լայն համագործակցության մասին կարելի է մտածել՝ ուրվագծելով նախագծեր»:

ԵԽ ԽՎ նախագահը ընդգծեց, որ հակամարտություների ու ճգնաժամերի մեջ գտնվող Հարավային Կովկասի խաղաղությունը էապես կարեւոր է համաեվրոպական կայունության համար: Իսկ կայունություն կամենում են ինչպես եվրոպացիները, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդները:

Երեւանում Ադրիան Սեւերինը հանդիպումներ կունենա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանական խումբ-խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ընդդիմության ներկայացուցիչների հետ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG