Մատչելիության հղումներ

Քոչարյանը հակադարձում է Ալիեւին, իր գոհունակությունն է արտահայտում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներով


«Երեկ պաշտպանության նախարարը լրագրողներին իր պատասխանը տվել է: Այդ պատասխանը համաձայնեցված է ինձ հետ», - հինգշաբթի օրը ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի՝ չորեքշաբթի հնչեցրած հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել ռազմական ճանապարհով: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր, թե նման ձեռնարկը կլինի «Ադրբեջանի վերջին պարտության սկիզբը»։

Նախագահը, սակայն, հարկ համարեց Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հայտարարությանն արձագանքել նաեւ ներքաղաքական իրողությունների տեսանկյունից։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ, ըստ էության, հնչում է սպառնալիք Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ, եւ, սովորաբար, նման դեպքերում, քաղաքական ուժերն ու բնակչությունը համախմբվում են՝ այդ սպառնալիքին դիմակայելու եւ պատասխանելու համար:

«Սա շատ պարզ տրամաբանություն է, եւ ամեն մի քաղաքացի բնազդով ուղղակի պետք է սա զգա: Հակառակ դեպքում իսկապես երկիրը կարող է վտանգված լինել», - ասաց Հայաստանի նախագահը: - «Ինչքան շատ մարդ հավաքվի հանրահավաքների նախագահի դեմ, որը նաեւ զորքերի գերագույն հրամանատարն է եւ որի հրամանները զորքերը պարտավոր են անվերապահորեն կատարել, այնքան ավելի լկտի կլինեն նման կարգի հայտարարությունները»:

Ռոբերտ Քոչարյանը ակնարկեց, թե ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ սպառնալիքները եւ Հայաստանի քաղաքական ընդդիմության ակտիվացումը անմիջականորեն կապված են միմյանց հետ՝ «Տպավորությունն այն է, որ ինչ-որ տեղ այս զուգադիպությունը պատահական չէ: Չեմ ուզում այլ կարգի մեկնաբանություններ տալ, բայց նման տպավորություն ես, անկեղծ ասած, ունեմ»:

Միաժամանակ, Հայաստանի նախագահը լուրջ չի համարում քաղաքական ընդդիմության ելույթները, քանի որ, ընդդիմությունն առաջնորդվում է ոչ թե գաղափարախոսությամբ կամ ծրագրերով, այլ չարությամբ: Նրա խոսքերով, չի կարելի «ընդդիմություն անվանել այն ուժերը, որոնք չեն միանում գաղափարախոսության շուրջ: Եթե ուժերին միավորում է չարությունը, ապա այդ ուժերը չեն կարող ուժեղ լինել»:

Երկրի ղեկավարը, թեեւ, ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը չի դիտում իբրեւ վտանգ իր իշխանությանը, սակայն համարում է, որ այն սպառնում է տնտեսության մեջ գրանցվող ռեալ տեղաշարժերին. «Երկրի կայունությունը առաջին երաշխիքն է երկրի տնտեսական զարգացման համար: Կարծում եմ, սա այբուբեն է, եւ եթե մարդիկ չեն հասկանում այս այբուբենը, ապա ուղղակի պատկերացում չունեն, թե ինչ է տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես»:

Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով, Հայաստանում ռեկորդային տնտեսական աճ է գրանցվել՝ 9,9 տոկոս. «Սա մի թիվ է, որ Հայաստանը երբեք չի ունեցել ամբողջ այս անկախության ժամանակահատվածում: Մինչեւ տարվա վերջ տնտեսական աճի տեմպերը պահպանվելու են»:

Նախագահի խոսքերով, Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների հետ կապված, այսօր աշխարհում լարված վիճակ է, շատ խոշոր ընկերություններ գտնվում են սնանկացման եզրին, եւ այդ պատճառով նվազել են նրանց ներդրումային հետաքրքրությունները։ Դա անմիջականորեն անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա։

Երեկ երեկոյան շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը, թե հրաժարվում է «Արարատցեմենտի» գնման պայմանագիրը ստորագրելուց։ Գործարքի ձախողման փաստին Ռոբերտ Քոչարյանն այսօր հետեւյալ մեկնաբանությունը տվեց. «Կարծում եմ, որ այս կոնտեքստը եւս կա. պետք է պարզենք նաեւ կողմնակի ինչ կարգի ազդեցություն եղել է, թե չի եղել... Կարող է սա հնարավոր մի քանի գործոններից մեկը լինել: Կարող է նաեւ լրացուցիչ, կողքից փորձ լիներ արված խանգարելու այս գործարքին, որը շատ շահավետ եւ հետաքրքիր գործարք էր»:

«Արարտցեմենտ»-ը, որի գործադիր տնօրենը ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից մեկն է՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, սեպտեմբերի վերջին միջազգային մրցույթով վաճառվել էր շվեյցարական ընկերությանը: «Հոլսիմ»-ը պատրաստակամություն էր հայտնել ձեռնարկության բաժնետոմսերի 100 տոկոսի համար վճարել է 6 միլիոն դոլար։

Այսուհանդերձ, նախագահը տնտեսական խնդիրների հարցում լավատես է. «Գոհ եմ այսօրվա մեր տնտեսական ցուցանիշներից: Կփորձենք հետեւողական լինել եւ 2001 թիվը փակել լավ ցուցանիշներով: Հետո ես նոյեմբերի վերջին խոսք եմ տվել աշխատատեղերի վերաբերյալ նաեւ որոշ տեղեկություններ ավելի կոնկրետ հրապարակել, եւ դա լինելու է»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG