Մատչելիության հղումներ

Շեւարդնաձեն առաջարկում է աշխատել «Կովկասում խաղաղության եւ կայունության պակտ»-ի ուղղությամբ





Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն իր պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանում այցելեց Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Երեւանի պետական համալսարանում Վրաստանի նախագահը խոսեց Կովկասում խաղաղության եւ կայունության պակտի մասին՝ որպես այդ ուղղության առաջին քայլ առաջարկելով համագործակցության եւ անվտանգության հարցերով բարձր մակարդակի կոնֆերանսի անցկացումը՝ կովկասյան 4 պետությունների մասնակցությամբ: Շեւարդնաձեն շեշտեց «Ռուսաստանի գործոնի մեծ նշանակությունը Կովկասում»:

Նման առաջարկություններ տարածաշրջանի երկրների ղեկավարները նախկինում էլ հնչեցրել են, սակայն դրանց հաջող իրականացումը, գրեթե բոլորի կարծիքով, պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտությունների կարգավորմամբ:

Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ծիծեռնակաբերդի՝ իր վրա թողած բացառիկ տպավորության մասին, Վրաստանի նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» բառը գործածելուց՝ փոխարենը օգտագործելով «հայտնի ողբերգական իրադարձություններ» ձեւակերպումը:

Էդուարդ Շեւարդնաձեն անդրադարձավ թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբին, ասելով, թե «Վրաստանը, ինչպեսեւ ողջ եվրոպական հանրությունը հույսով է նայում հայ եւ թուրք մտավորականության նախաձեռնությամբ ստեղծված հասարակական հանձնախմբի աշխատանքի ընթացքին»:

Վրաստանի նախագահը առանձնակիորեն կարեւորեց վրաց-թուրքական համագործակցությունը: Նրա խոսքերով, Թուրքիան իրենց օգնում է Վրաստանի պետականությունն ամրապնդելու գործում՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային համագործակցության շրջանակների ընդլայնմանը: Էդուարդ Շեւարդնաձեն նաեւ «ամենայն պատասխանատվությամբ» հայատարարեց, որ Վրաստանը երբեք չի դառնա այն տարածքը, որտեղից թշնամական գործողություններ կսկսվեն Հայաստանի դեմ:

Վրաստանի նախագահը հարավկովկասյան երկրների առանձին-առանձին զարգացումն անհնար համարեց առանց տարածաշրջանային համագործակցության:

«Երկկողմ կապերի եւ երկկողմ երկխոսության կողքին, իսկ այստեղ հնարավորություններն իրոք անսահմանափակ են, ես ամենեւին էլ բացարձակապես անիրական չէի համարի եռակողմ ռազմավարական երկխոսությունը: Իսկ դրան մենք ձգտում ենք», - ասաց Վրաստանի նախագահը: Այս առումով Էդուարդ Շեւարդնաձեի հնչեցրածը ամբողջապես տեղավորվում է Ռոբերտ Քոչարյանի 3+3+2 բանաձեւի շրջանակներում:

Խոսելով վիրահայության մասին, Էդուարդ Շեւարդնաձեն մինչ այժմ չասված ձեւակերպումներ ներկայացրեց. նրանք հայկական սփյուռքի ներկայացուցիչներ չեն, այլ բնիկներ, «որոնց ոսկե ձեռքերով կառուցվել եւ կառուցվում է Վրաստանը»:

«Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններն իրարից շատ տարբեր են, եւ դա ընդունում են միջազգային բոլոր ատյանները». - այսպիսի տեսակետ հայտնեց Վրաստանի նախագահը Հայաստանի Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցած հանդիպմանը:

Ըստ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Վրաստանի նախագահը նաեւ ասել է. «Ես համոզված եմ, որ հակամարտությունները ռազմական լուծումներ չպետք է ունենան ո'չ Աբխազիայում, ո'չ Լեռնային Ղարաբաղում, ո'չ Օսեթիայում: Մենք խաղաղ լուծման կուրս ենք վերցրել»:

Հայաստանի խորհրդարանականները հանդիպման ժամանակ հատկապես կենտրոնացել են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ աբխազահայերի անվտանգության հարցերի վրա, ինչին, ըստ պատգամավորների, վրացական կողմը պատասխանել է՝ այդ տարածքն ու զինվորական կազմավորումները Վրաստանի վերահսկողությունից դուրս են:


Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG