Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները գոհ են բանակցությունների արդյունքներից





Երեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահի նստավայրում երկու նախագահների առանձնազրույցից հետո տեղի ունեցան հայ-վրացական բանակցություններն՝ ընդլայնված կազմով, որի արդյունքում ստորագրվեցին մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Դրանցից երկուսը վերաբերում են իրավական ոլորտին: «Երկու պայմանագրերն էլ, կարելի է ասել, վերջնական ակորդներ են, որոնք թույլ են տալու հստակեցնել մեր փոխհարաբերությունները արդարադատության ոլորտում եւ ընդհանրապես դատաիրավական ոլորտում», - ասաց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացած երկու նախագահների համատեղ ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն առանձնացրեց «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը:

«Այդ պայմանագիրը ամրագրում է փոխհարաբերությունների ներկայիս մակարդակը եւ որոշում դրանց զարգացման պարամետրերը մոտակա, կարծում եմ, 10-15 տարիների համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Վրաստանի նախագահը տեղի ունեցած բանակցությունները որակեց որպես «նոր փուլ» երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

«Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրի համաձայն, կողմերը զերծ են մնում իրենցից որեւէ մեկի դեմ ուղղված որեւիցե միություններին կամ դաշինքներին մասնակցելուց, իսկ կողմերից որեւէ մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի կամ ագրեսիայի ակտի դեպքում, կիրառում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Պայմանագրով կողմերը երաշխավորում են իրենց տարածքներում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը եւ պարտավորվում են բարենպաստ պայմաններ ստեղծել՝ այդ փոքրամասնությունների մայրենի լեզվով կրթություն ստանալու եւ իրենց ինքնությունը պահպանելու ու զարգացնելու համար:

Պատասխանելով վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցին, Վրաստանի նախագահը նշեց, որ այժմ հակամարտության գոտում բախումներ չկան: Բանակցություններ են ընթանում վրացական եւ աբխազական կողմերի միջեւ:

Անդրադառնալով վրաց-թուրքական խորացող ռազմական համագործակցությանը վերաբերող հարցին, Էդուարդ Շեւարդնաձեն ասաց, որ Վրաստանը Թուրքիայից որոշ քանակությամբ զենք է գնում: Վրաստանի նախագահը հատուկ ընդգծեց, որ վրացական կողմի ստորագրած որեւէ փաստաթուղթ երբեք ուղղված չի լինի Հայաստանի դեմ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG