Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի հանձնաժողովը արտագնա նիստ է գումարում Երեւանում


Այսօր Երեւանում իր աշխատանքը սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի արտագնա նիստը: Սա համաեվրոպական այդ կառույցի կողմից Հայաստանում անցկացվող առաջին արտագնա նիստն է:

16 երկրներից ժամանած 22 պատգամավորներ քննարկում են մշակույթին ու մշակութային ժառանգությանը, գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցների համար կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էր հայկական պատմական հուշարձանների պահպանման վիճակը հարեւան երկրներում: Հայտնի է, որ թե' Թուրքիայում, թե' Ադրբեջանում եւ թե' Վրաստանում այդ վիճակն անմխիթար է: Միակ երկիրը, որտեղ որոշ աշխատանքներ են տարվում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման առումով՝ Իրանն է:

«Մենք հատուկ մոտեցում չունենք այս կամ այն ժառանգության հանդեպ: Ընդհանրապես մենք կանխում ենք նման ոտնձգությունները, եւ եթե Թուրքիայում ինչ-որ մեկը փորձի վնասել որեւէ պատմական հուշարձան, ուղղակի բանտ կնստի», - ասաց նիստի մասնակիցներից Թուրքիայի ներկայացուցիչ Հուսեյն Կալկանը՝ խուսափելով պատասխանել կոնկրետ հուշարձաններին վերաբերող հարցին:

Ադրբեջանի ներկայացուցիչները Եվրախորհրդում արդեն փորձել են Ղարաբաղի տարածքի ադրբեջանական հուշարձանների խնդիրը դարձնել քաղաքական շահարկման առարկա, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի կողմից հանձնաժողովի անդամ, պատգամավոր Աշոտ Գալոյանը՝ «չկա ոչ մի փաստ, որ պատերազմի ընթացքում ընդհանրապես որեւէ հուշարձան ավերվել է»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG