Մատչելիության հղումներ

907 բանաձեւը չի վերացվի, սակայն կարող է ժամանակավորապես կասեցվել


«907 բանաձեւի վերացման դեմ մենք պայքարեցինք եւ շահեցինք: Դրա ժամանակավոր կասեցման հարցում, սակայն, հնարավոր չի լինելու: Խնդիրը հիմա այն է, թե ինչպիսին կլինի այդ կասեցումը՝ լրիվ կասեցում, թե՞ ինչ-ինչ պայմաններով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արփի Վարդանյանը, բացատրելով, որ կասեցումը կանխել հնարավոր չեղավ, քանի որ «վիճակն ԱՄՆ-ում այնպիսին է, որ մենք ահաբեկչության դեմ պատերազմի մեջ ենք, եւ ժողովուրդը միացած է մեր նախագահին, մեր գլխավոր հրամանատարին: Մենք հասկանում ենք, որ ամերիկացիները ուզում են այս պատերազմը առաջ տանել եւ հաղթել»:

Երեկ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի փակ նիստում քննարկվել է Ազատության աջակցման ակտի 907 բանաձեւի հարցը: Կոնգրեսին ուղղված Քոլին Փաուելի խնդրանքում նշված է, որ Ադրբեջանը միացել է ահաբեկչության դեմ պատերազմին, իրավունք է տվել Միացյալ Նահանգներին օգտվել իր օդային տարածքից եւ օգտագործել ռազմական օդակայանները, համագործակցում է հետախուզության բնագավառում, ուստի Բուշի վարչակազմը պնդում է կասեցնել 907 բանաձեւի գործողությունը: Քնննարկումների մասին որեւէ տեղեկատվություն, բնականաբար, չկա:

Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները, փաստորեն, կարողացել են կանխել 907 բանաձեւի վերացումը: Իսկ բանաձեւի կասեցումը, բոլոր դեպքերում, ժամանակավոր բնույթ պիտի կրի: Առանց պայմանների կասեցման դեպքում որոշված ժամանակահատվածում՝ դա կարող է լինեն մեկ տարի, երկու տարի, վեց ամիս, 907 բանաձեւը չի գործում ամբողջությամբ: Իսկ պայմաններով կասեցման դեպքում, 907 բանաձեւի որոշ դրույթները կասեցման ժամանակաշրջանում կշարունակեն աշխատել:

Ըստ Արփի Վարդանյանի, Ադրբեջանը ինչ-որ օգնություն ԱՄՆ-ից այսօր էլ ստանում է՝ մարդասիրական, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված օգնություն: 907 բանաձեւը թույլ չի տալիս, որ ԱՄՆ-ի կառավարությունը անմիջապես օգնություն տրամադրի Ադրբեջանի կառավարությանը: Սա նշանակում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, օրինակ, չի կարող աշխատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ:

Հայաստանյան «Երկիր» թերթն այսօր տեղեկացրել է, որ Ամերիկայի հայկական համագումարը «նամակ է հղել ամերիկահայ քաղաքական, բարեգործական եւ եկեղեցական հաստատություններին ու կազմակերպություններին՝ կոչ անելով չստորագրել Հայ Դատի հանձնախմբի այն դիմումը, որով հանձնախումբը պահանջում է դիմել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որպեսզի վերջինս ուժի մեջ թողնի 1992-ին ընդունված օրենքի՝ Ադրբեջանի առնչությամբ ընդունված 907 պարբերությունը»: Անդրադառնալով սրան, Արփի Վարդանյանը հերքեց, թե իրենք նման հորդորով հանդես են եկել՝ - «Մենք պարզապես բացատրել ենք, որ մենք չենք ստորագրելու Հայ Դատի պատրաստած նամակը՝ նշելով պատճառները»:

«Ինչպես Հայ Դատը, այնպես էլ Ամերիկայի հայկական համագումարը դեմ են, որ վերացվի 907 բանաձեւը», - հավաստիացրեց Արփի Վարդանյանը: - «Հայ Դատը, սակայն, իր նամակի մեջ նշել է, թե իրենք համոզված են, որ կարող են պայքարել եւ ստիպել, որ 907 բանաձեւը մնա ուժի մեջ: Իսկ Ամերիկայի հայկական համագումարը, խոսելով կոնգրեսականների հետ, ինչպես նաեւ ելնելով ընդհանուր վիճակից, մեր փորձից, համոզվել է, որ այսօրվա դրությամբ, երբ պատերազմի մեջ ենք, երբ նախագահ Բուշը ունի 90 տոկոսից բարձր վարկանիշ, երբ Ամերիկայի ժողովուրդը պատրաստ է ամեն ինչ անել կառավարությանը օգնելու համար, Բուշը եթե կասեցումը ուզի՝ կստանա: Եվ մենք այժմ աշխատում ենք, որպեսզի այդ կասեցումը լինի պայմաններով»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ են ենթադրում այդ պայմանները, Արփի Վարդանյանն ասաց, թե դեռեւս չի կարող կոնկրետ խոսել դրանց մասին, սակայն չբացառեց, որ պայմաններից մեկը լինի այն, որ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու դեպքում, համարժեք օգնություն ստանա նաեւ Հայաստանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG