Մատչելիության հղումներ

Մեծամորի ատոմակայանը արդեն վերալիցքավորվում է


Հայաստանի Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը կառավարության այսօրվա նիստից հետո տեղեկացրեց, որ Ռուսաստանից արդեն գնվել եւ Հայաստան է փոխադրվել ատոմակայանին անհրաժեշտ միջուկային վառելիքի ողջ խմբաքանակը։ Կայանն այժմ լիցքավորվում է եւ նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում վերստին կմիանա միասնական ցանցին։

Հուլիսի 10-ից 40 օրով վերանորոգման եւ վերալիցքավորման համար աշխատանքը դադարեցրած Մեծամորի ատոմակայանը մինչեւ օրս չի վերագործարկվել, քանի որ Հայաստանի կառավարությունը չէր վճարել 13 միլիոն դոլար ընդհանուր արժեքից 4 միլիոն դոլարի կանխավճարը: Այսօր կանխավճարը մուծված է, իսկ մնացած գումարը փոխանցվելու է ըստ համաձայնեցված ժամանակացույցի:

Ի պատասխան գազի ներկրումների նվազեցման մասին հարցին, Կարեն Գալուստյանը ասաց, թե գազի դիմաց վճարումների ուշացումը ատոմակայանի աշխատանքի դադարեցման հետեւանք է։ Նույն չափի էլեկտրաէներգիա արտադրելու համար Հայաստանը ստիպված է կրկնակի ծավալների գազ ներմուծել, որի դիմաց կարողանում է միայն մասամբ վճարել։

Ըստ նախարարի, գազամատակարար «Իտեռա» ընկերությունը եւս գործում է ֆինանսական սահմանափակումների պայմաններում ու նրա դիրքորոշման կոշտացումը հասկանալի է, քանի որ, նախարարի խոսքերով, «Իտեռա»-ն նույնպես ուրիշ տեղից գազ է գնում եւ պետք է դրա համար վճարի: «Այդ պատճառով, զարմանալի չէ կոշտությունը ժամանակին վճարումների առումով»,- ասաց նախարարը:

Նախորդ օրերի 5,5 միլիոն խորանարդ մետրի փոխարեն Հայաստանն ստանում է 4,2 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը, նախարարի խոսքերով, լիովին բավարարում է կարիքները:

Կարեն Գալուստյանն այսօր ասաց նաեւ, թե կառավարությունն այժմ հստակեցնում է Էլեկտրաէներգիա արտադրող կայանների մասնավորեցման ռազմավարական ծրագիրը, ըստ որի, մասնավորեցման ենթակա չեն միայն ատոմակայանը եւ բարձրավոլտ ցանցերը: Իսկ, ասենք, Հրազդանի ՊՇԷԿը, Սեւան-Հրազդան կամ Որոտանի կասկադները, պետք է մասնավորեցվեն՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ անվտանգության պահանջները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG