Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը այցելեց Շիրակի մարզ


Չորեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը այցելեց Շիրակի մարզ: Նախագահը եղավ մարզի բազմաթիվ ձեռնարկություններում, խորհրդակցություններ անցկացրեց մարզպետարանում, ինչպես նաեւ՝ ֆերմերների միության խորհրդի անդամների հետ:

Այցի ավարտին տեղի ունեցած ասուլիսում նախագահը ասաց, որ ներկա այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ հիմնական խոսակցությունն ընթացել է աշխատեղերի ստեղծման շուրջ: Նախագահը ասաց նաեւ, որ աղետի գոտու վերականգնման ծրագիրը մեկ տարով ետ է ընկել, սակայն ինքը հավատում է, որ դա իրականանալի խնդիր է, եւ ինքն անպայման իրականացնելու է այն:

Խոսելով ադրբեջանական քարոզչության պնդումների մասին, թե Լեռնային Ղարաբաղում կան ահաբեկչական կետեր, Հայաստանի նախագահը ասաց, որ նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ հնչում են, էլի կհնչեն: Հայաստանը իր պատասխանը միշտ տալու է, եւ հիմա էլ մեր բանակը պահվում է պատրաստականության վիճակում:

Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Վրաստանի նախագահի ծրագրված այցին վերաբերող հարցին, ասաց, որ այցն, ըստ երեւույթին, կկայանա, եթե, իհարկե, վրացական կողմում որեւէ խնդիր չծագի: Անդրադառնալով Աբխազիայի իրավիճակին, նախագահն ասաց, որ Հայաստանը Վրաստանում մեր դեսպանատան միջոցով անընդհատ կապի մեջ է վրացական իշխանությունների հետ եւ ամբողջական ինֆորմացիային տիրապետելուց հետո միայն կարձագանքի իրողություններին:

Նախագահին նաեւ ընդդիմությանը վերաբերող հարց ուղղվեց: Նախագահն ասաց, որ ցավալի է այն իրողությունը, որ աշխարհում տեղի ունեցողի ֆոնի վրա մեզանում ոչ թե միավորում է գնում, այլ պառակտում:


Արմեն Զաքարյան, Շիրակի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG