Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի դադարեցնում Հայաստանի գազամատակարարումը


Չնայած ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունը հոկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությանը նախազգուշական նամակ էր հղել, ըստ որի Հայաստանի գազամատակարարումը դադարեցվելու էր, եթե մինչեւ հոկտեմբերի 15-ը չմարվեին օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացիկ պարտքերը, գազամատակարարումը դադարեցված չէ, թեեւ վերջնաժամկետը լրացել է:

Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հունիսի 28-ին հայտարարել էր, թե Հայաստանը Ռուսաստանին գազի դիմաց պարտք չունի: Ռուսաստանյան բնական գազի մատակարարումների դիմաց Հայաստանի պարտքը կազմում էր մոտ 8,3 մլն դոլար, միաժամանակ «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունում ռուսաստանյան կողմից «Գազպրոմ»-ը ու «Իտեռա»-ն 9 միլիոն դոլարի, այսպես ասած, կանոնադրային գազի պարտք ունեին: Ամիսներ տեւած բանակցություններից հետո որոշվել էր այդ պարտքերը փակել մեկը մյուսով:

Այսուհանդերձ, «Իտեռա»-ն անցած շաբաթ հայտարարել է, որ Հայաստանի պարտքը կազմում է 37 միլիոն դոլար, եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանին նախազգուշական նամակ էր ուղարկել մինչեւ հոկտեմբերի 15-ը պարտքը չվճարելու դեպքում գազամատակարարումը դադարեցնելու մտադրության մասին:

«Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Իտեռա»-ի ղեկավարությունը երեկ երեկոյան հայտարարել է, թե առայժմ ձեռնպահ է մնում գազամատակարարումը դադարեցնելուց: Սարդարյանն ասաց նաեւ, որ ներկայումս պարտքերի խնդրի շուրջ «Իտեռա»-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ են ընթանում, եւ ճշտվում է պարտքի մարման ժամանակացույցը:

Վերլուծաբանները Ռուսաստանի կողմից գազամատակարարման գործոնի «խաղարկումը» կապում են Հայաստանի 4 բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման առաջիկա առաջիկա միջազգային մրցույթի հետ: Հայաստանի կառավարությունը երկու անգամ հետաձգել էր ՌԱՕ ԵԷՍ-ի նախաորակավորումը՝ պատճառաբանելով, թե փաթեթում որոշ փաստաթղթեր պակասում են եւ որ եղած որոշ տվյալներ ճշտման կարիք ունեն: Գազամատակարարումը չդադարեցնելու մասին որոշումը հետեւել է անցած շաբաթ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովի նիստին, ուր որոշվել է ոչ միայն նախաորակավորման փուլում ընդունել նաեւ ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍ -ի փաստաթղթերը, այլեւ՝ հնարավորինս արագացնել գործընթացը:

Բնական գազը ներկայումս Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն է, քանի որ հուլիսի 10-ին վերանորոգման աշխատանքների եւ վերալիցքավորման նպատակով կանգնեցված Մեծամորի ատոմակայանը մինչեւ օրս չի վերագործարկվել:


Ատոմ Մարգարյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG