Մատչելիության հղումներ

Մի շարք մեղադրանքներով կալանավորվել է Մուշեղ Սաղաթելյանը


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկուշաբթի օրը մեղադրանք առաջադրեց եւ վճռեց կալանավորել մի շարք հանցագործությունների կատարման կասկածանքով հոկտեմբերի 12-ին ձերբակալված Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին:

Գործի նախաքննությունն իրականացնում է հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչությունը: Ըստ գլխավոր դատախազության լրատվական բաժնի հաղորդագրության, Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում է ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, բռնության հետ զուգորդված իշխանազանցության, խուլիգանության եւ պետական գաղտնիք հրապարակելու համար:

Արդեն մի քանի օր շարունակ հատկապես ընդդիմադիր մամուլը հրապարակում է Մուշեղ Սաղաթելյանի տրամադրած տեղեկությունները 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողության կազմակերպիչների վերաբերյալ: Սաղաթելյանը պնդում է, որ այդ տեղեկությունները ստացել է ՆԳՆ գործակալ ոմն Հարություն Գրիգորյանից: Անցյալ շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ներկայացնելով 3 ամիս առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները, տեղեկացրեց, որ մի շարք հանցագործությունների համար դատապարտված Հարություն Գրիգորյանը, իբր, մեկուսարանում որպես գործակալ միեւնույն խցում նստել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների հետ եւ նրանցից իմացել է կազմակերպիչների անունները: Ըստ Ալբերտ Բազեյանի, Գրիգորյանը, բացի նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անուններից, նշել էր նաեւ մի շարք այլ անձանց անուններ:

Ըստ նախաքննական մարմնի, ակնհայտ սուտ այս մատնությունը նախապատրաստել է Մուշեղ Սաղաթելյանը: Վերջինս նաեւ կեղծել է բարձրագույն ուսումնական հաստատության իր դիպլոմը: Ըստ նախաքննական մարմնի որոշման, Սաղաթելյանին բռնության հետ զուգորդված իշխանազանցության մեղադրանք է առաջադրվել 99-ի նոյեմբերի 5-ին «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին ամբաստանյալ Միսակ Մկրտչյանի նկատմամբ բռնություն կիրառելու՝ ծեծելու համար: Միսակ Մկրտչյանը համաներման մասին որոշման ընդունումից հետո հունիսի 20-ին դատարանից ազատ է արձակվել:

Սաղաթելյանին նույն մեղադրանքն է առաջադրվել 1996-ին լրագրող՝ այսօր «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Մուշեղ Սաղաթելյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, որը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կամավոր կերպով գնացել եւ բացատրություններ տալու պատրաստականություն է հայտնել:

Մինչեւ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրելն ու կալանավորելու մասին դատարանի որոշում կայացնելը, Ազգային ժողովում ստրոգրահավաք էր սկսվել: Մի խումբ պատգամավորներ պատրաստվում էին նամակ հղել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանին՝ խափանման միջոցը կալանքը չընտրելու խնդրանքով: Այս պահին ինչ ընթացք կստանա ստորագրահավաքը հայտնի չէ: Պարզ չէ նաեւ, թե Սաղաթելյանն ու նրա շահերի պաշտպանը դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանին, թե ոչ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG