Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քանի որ վրաց-աբխազական սահմանում կատարվողի մասին «վրացական եւ ռուսական տեղեկատվական աղբյուրների հաղորդագրությունները խիստ հակասական են եւ մեղադրանք՝ մեկը մյուսի հասցեին, ճշգրտված ինֆորմացիա ստանալու համար» «Երկիր» թերթը կապվել է հայ համայնքի ղեկավարներից «Կռունկ» հայրենակցական միության նախագահ Գալուստ Տրապիզոնյանի հետ: «Հոկտեմբերի 3-ից սկսած Սվանեթիայի կողմից դեպի Կոդորի կիրճ շարժվել են չեչեն-վրացական ահաբեկչական խմբեր եւ ավերածություններ գործել այդ հատվածում գտնվող հայկական գյուղերում», - ներկայացնում է վերջինս: - «Գուլիրիբշիի շրջանը, որի տարածքում է գտնվում Կոդորի կիրճը, 80 տոկոսով բնակեցված է հայերով: Հիշյալ գյուղերում ահաբեկիչները անմարդկային դաժանություն են ցուցաբերում»:

Գալուստ Տրապիզոնյանը տեղեկացրել է, որ «Աբխազիայի հայ համայնքի անունից իրենք դիմել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով դատապարտել ահաբեկիչների այս ձեռնարկումները, ...ազդել Վրաստանի պաշտպանական կառույցների վրա՝ հայ բնակչության նկատմամբ ահաբեկչության ցանկացած դրսեւորման դատապարտման նպատակով»:

«Ակնհայտ է, որ անդրկովկասյան տարածաշրջանը հայտնվել է նոր ցնցումների նախաշեմին», - գրանցում է «Իրավունք» թերթը, միաժամանակ արձանագրելով, որ Հայաստանի ղեկավարության, մասնավորապես՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանի արձագանքը առայժմ անհստակ-զգուշավոր է:

«Ես ամենեւին չեմ կարծում, որ հայկական գյուղերում սպանդներ են կազմակերպում վրաց-չեչենական գրոհայինները», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Աշոտ Մանուչարյանը: Եվ սա որակվում է անվերապահ ռուսամետ քաղաքական գործչի համբավ ունեցողի համար սենսացիոն արտահայտություն: Տարածաշրջանում իր դերը պահպանելու համար Ռուսաստանը ընտրել է տարածաշրջանի պայթեցման ճանապարհը, - ակնարկում է Մանուչարյանը, ըստ որի, մոտակա ամիսներին կտրուկ աճելու է Հայաստանի ներքին գործերին մասնակցելու՝ տարբեր երկրների շահագրգռությունը, «Հայաստանում արտաքին հարաբերությունների բնագավառում մեծ բացասական կծիկ է գոյացել՝ շաղկապված Քոչարյանի հետ»:

«Քոչարյանի ժամերն իրոք հաշված են, եւ բոլոր զարգացումները տանում են դրան», - կրկին հանգեցրել է Մանուչարյանը: Ընդդիմադիր ճակատին էլ նա որոշ դիտողություններ ունի. «Մեր որոշ գործընկերներ ունեն փորձառության պակաս, այդ պատճառով մի շարք դեպքերում ոչ այնքան ճիշտ դիրքորոշում են ցուցաբերում այս կամ այն հարցի վերաբերյալ: Կարծում եմ, պետք է առավել ուշադիր լինել, մանավանդ որ, այդ տեսակետների աղավաղման վրա աշխատում են ամենատարբեր ուժեր՝ սկսած իշխանավորներից, վերջացրած կարծեցյալ հականախագահական ճակատում գտնվող ուժերով»:

Նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարարի վերջին որոշ արտահայտություններից «Իրավունք»-ի մեկնաբանը բխեցնում է, թե նրանք, օգտագործելով իրավապահ կառույցները, ձգտելու են առավելագույնս փակել իրենց անհաճո բաներ ասողների բերանը, եւ ընդհանուր առմամբ, «սպասվում է բավականին կոշտ գործընթաց, որի ընթացքում իշխանությունը վերարտադրելու է ինքն իրեն: 1998-ին իշխանության եկած կոշտ մարդիկ անելու են ամեն ինչ, որպեսզի 2003-ին իշխանությունը պահպանեն իրենց ձեռքերում»: Մեկնաբանի հայացքով, «հականախագահական ճամբարը քաջ գիտակցում է, որ իր արածը նախագահի իմփիչմենթի իրական գործընթացի հետ ընդհանուր ոչինչ չունի, եւ արդեն իսկ պարզապես պայքար է ընթանում ընտրական տոկոսների համար՝ եւ ոչ ավելին»:

Վանո Սիրադեղյանին առնչվող քվեարկության մոտիվներով «Հայոց Աշխարհ« թերթում կրկին ընդգծված է հետեւյալ պնդումը. «98-ի իշխանափոխությունից հետո ոչինչ չի փոխվել: Հիմա էլ իշխանությունը հիմնականում ոկուպացված է նախկիններով»: «ՀՀՇ-ն երբեք չի վերադառնա, որովհետեւ չի էլ հեռացել» վերնագրի տակ մեկնաբանն ամփոփում է բազմանշանակ դրույթով, որ երբեւէ որեւէ իշխանություն իրեն ինքնադատաստանի չի ենթարկել:

Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Ազգ»-ի հարցազրույցում ասում է. «Հայաստանում գործարարությունը, մեծ հաշվով, մնում է իշխանությունների կողմից անտեսված խավ: Նման պայմաններում է առաջանում ընդդիմություն դառնալու գայթակղությունը: Սակայն ընդդիմություն լինելը, թեկուզ կառուցողական, միանգամայն այլ խաղի կանոններ է ենթադրում, որի բաղադրիչներից մեկն էլ պոպուլիզմն է: Դա ոչ մի կապ չի կարող ունենալ բիզնեսի հետ, եւ, ըստ էության, գործարարության հերն անիծում է»: Այսպես թե այնպես, իրավիճակը Հայաստանում, Ղազարյանի պատկերմամբ, ոգեշնչող չէ. «Երկրում, որտեղ նոր-նոր են ձեւավորվում ժողովրդավարական ինստիտուտները, չի կարող լինել լիբերալ-ժողովրդավարական տնտեսություն: Երկրում, որտեղ տնտեսական զարգացումն այնքան թույլ է, որ ազգային բյուջեն ընդամենը 350-400 մլն է, եւ այդ պատճառով ի վիճակի չենք բյուջետային աշխատողներին նորմալ վարձատրել, կոռուպցիան ու կաշառակերությունն անխուսափելի են: Կոռուպցիայի դեմ պայքարը նման պայմաններում կարող է լավագույն դեպքում բերել դրանց ծավալների մեղմացման, բայց ոչ նվազեցման»:

Մեզ պետք է լիբերալիզմի մի նոր փուլ, նաեւ՝ բարոյահոգեբանական մթնոլորտի կտրուկ փոփոխություն, - շեշտում է գործարարների միության նախագահը: - «Մինչեւ այս փակ շրջանից դուրս չգանք ու չպարզենք, թե ո՞րն է մեզ համար հեռանկարայինը, ոչինչ չի ստացվի ու ոչ մի երազանք էլ իրականություն չի դառնա: Բայց դա արդեն մեր՝ տնտեսավարողներիս անելիքը չէ: Դրա համար քաղաքական կամք է պետք»:

«Առավոտ» թերթը ուշադրություն է սեւեռում, որ, չնայած նախագահ Քոչարյանի հավաստիացումներին, թե երկիրը տնտեսական վերելքի ճանապարհին է, նույնիսկ կառավարական ամփոփումներում բազմաթիվ հակասություններ կան՝ թվերի, իրավիճակի ոչ նման լավատեսական բովանդակությամբ: «Շատ շուտով Հայաստանի խորհրդարանում կսկսվեն բյուջետային հերթական լսումները», եւ իրականությունը կպարզվի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG