Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վանո Սիրադեղյանին պատգամավորական լիազորություններից զրկելու խորհրդարանական քննարկումը, դրան հաջորդած քվեարկությունը, ըստ էության, բացահայտեցին, որ հանցագործության բացահայտմանն ինչ-որ բանով նպաստելը այնքան էլ ընդունելի չէ խորհրդարանականների մեծ մասի համար՝ անկախ քաղաքական կողմնորոշումից», - անդրադառնում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

«Ակնհայտ դարձավ, որ այս խորհրդարանում Սիրադեղյանը զգալի թվով չբացահայտված համակիրներ ունի, - արձանագրում է «Երկիր» թերթը, ենթադրելով նաեւ, որ «պատգամավորների մեծ մասը կոճակը սեղմելուց կամ չքվեարկելուց առաջ իրեն Վանոյի դերում է զգացել ու ներքին անհանգստությամբ մտածել՝ «բա որ հանկարծ ժամանակները փոխվեն, ու ես էլ Վանոյի վիճակում հայտնվեմ»... Եթե այդպես է, գուցե եկել է այս խորհրդարանը ցրելու ժամանակը, - հարց է բարձրացնում «Երկիր»-ը:

«Հայոց Աշխարհ»-ն էլ նույն առումով սրել է. «Իր վերջին որոշմամբ սույն խորհրդարանը ստորագրեց սեփական մահվան դատավճիռը, եւ պետք է անհապաղ լուծարվի... Երեսփոխանները երեկ հրապարակավ հայտարարեցին, որ հանցագործը պիտի շարունակի գտնվել իրենց կուռ շարքերում: Չի՞ նշանակում այդյոք դա, որ նրանք իրենք էլ հանցագործներ են»:

«Ազգ» թերթի արժեվորմամբ, «Վանոն քարշ է տալիս խորհրդարանին դեպի բացարձակ հեղինակազրկում»: Թերթի վերլուծությամբ, քվեարկության ժամանակ դեր է խաղացել նաեւ հետյեւալ գործոնը. պատգամավորները մտածել են՝ «ինչո՞ւ հիմա՝ առնվազն մեկուկես տարվա լռությունից հետո, հանկարծ որոշվեց քննարկման դնել Սիրադեղյանի հարցը: Եվ որպեսզի պատասխանատվություն չվերցնի դրան հաջորդող դեռեւս անհայտ գործընթացների համար, խորհրդարանը չընդունեց նախագիծը... Ամեն դեպքում խորհրդարանը ցույց տվեց իր իրական դեմքը, առնվազն ապացուցելով, որ հովանավորում է Վանո Սիրադեղյանին», - ամփոփված է «Ազգ»-ում: - «Այս հարցում իր առյուծի բաժինն ունի ԱԺ մեծամասնությունը՝ «Միասնություն» խմբակցությունը, որը պարզապես չի կարողանում վերահսկել ո'չ խորհրդարանական տեղաշարժերը, ո'չ էլ սեփական պատգամավորների որոշ հարցերի նկատմամբ անձնավորված վերաբերմունքը»:

«Առավոտ» թերթի ուրվագծմամբ, «Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից չզրկելու փաստն առաջիկայում իշխանամետների համար լիուլի շահարկումների եւ «Պապլավոկի» միջադեպից ուշադրություն շեղելու առիթ է դառնալու։ ԱԺ-ի հասցեին այնքան թուքումուր կտեղան, որ երկու շաբաթ անց, երբ կքննարկվեն արդեն 5-րդ նստաշրջանից նրա բացակայությունները՝ պատգամավորները հլու-հնազանդ կկայացնեն պարտադրվող հակականոնակարգային որոշումը»։

Իսկ «Հայկական ժամանակ» թերթը առանձնացնում է հետեւյալ մոտեցումը. պատգամավոր Աղասի Արշակյանը, որը 1998-ին ձեւավորում էր Վանո Սիրադեղյանից տուժածների կոմիտե, ասել է. «Այժմ պետք է ներկա իշխանություններից տուժածների կոմիտե ստեղծել: Սրանց մեղքերը արդեն անցնում են նախորդներից»:

Երեկ հանդիպելով «Առավոտ»-ի եւ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցներին, ՆԳՆ կալանավայրերի վարչության նախկին պետ Մ. Սաղաթելյանը հայտարարել է, թե իր նկատմամբ սանձազերծված հետապնդումը կարող է կապված լինել մի ձայներիզի հետ, որը ինքը փնտրում է: Ըստ Սաղաթելյանի, «այդ ձայներիզի վրա արված ձայնագրությունը տեղեկություններ է պարունակում հոկտեմբերի 27-ի կազմակերպման ընթացքի եւ դրան մասնակից անձանց մասին... Ոճրագործության որոշ մասնակիցներ ու կազմակերպիչներ կալանքից ազատ են արձակվել հենց այդ ձայներիզի շնորհիվ, քանի որ դրանով իշխանություններին շանտաժի են ենթարկել» («Հայկական ժամանակ»): Սաղաթելյանը ասել է նաեւ, թե դատելով մեծացող ճնշումներից, ինքը մոտ է այդ ձայերիզի ձեռքբերմանը:

«Ոչ թե մենք ենք ընդդիմադիր, այլ այս իշխանություններն են այս երկրին, ժողովրդին ընդդիմադիր, որից միաժամանակ նրանք վախենում են»,- Ալավերդու բնակիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ գործիչ իր համար որոշի, թե ում՝ մարդասպաններին հովանավորող իշխանությունների՞, թե՞ ժողովրդի հետ է: Հարցը այսպես է դրված, մնացածը դատարկ խոսակցություններ են»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, Ստեփան Դեմիրճյանը ալավերդցիներին կոչ է արել պահանջելուց բացի ակտիվ մասնակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ երկրում ստեղծված իրավիճակը շտկելուն ուղղված գործողություններին:

«Երկիրը ճգնաժամից դուրս բերելու անհրաժեշտ եւ առաջնահերթ պայմանը Ռ. Քոչարյանի եւ նրա վարչակարգի իշխանությունից հեռանալն է», - քաղաքական որոշ ուժերի օրինակով հայտարարություն են տարածել «Սպայի Պատիվ», «Փառապանծ Մարտիկներ», «ՄՀՕՋ-ի Վետերանների միություն», «Պահեստի եւ պաշտոնաթող Սպաների միություն» կազմակերպությունների ներկայացուցիչները: Անդրադառնալով սրան, «Ժամանակ» թերթի մեկնաբանը գրում է. «Նախկինում ուսադիր կրող մի խումբ թոշակառուներ... ընդգրկվելով այս կամ այն՝ իրենց բոլորովին չվերաբերող գործերում, ոգեւորությունից կորցնում են իրենց ու սկսում աննպատակ բարբառել»: Մեկնաբանը, համենայնդեպս, ակնարկում է՝ «հիշյալ կազմակերպությունները արմատական ընդդիմադիրներին մերձ են եւ դրանցում ընդգրկված են «ոչ քիչ թվով պատվազուրկ մարդիկ»:

«Իշխանությունները սովորաբար սարսափում են ոչ այնքան ամպագորգոռ կոչերից ու հայտարարություններից, որքան ժողովրդական լայնածավալ հուզումներից, որոնք իրենց ճանապարհին կարող են սրբել-տանել ամեն ինչ: Սակայն մեր դեպքում, կարծես, նման հեռանկարը իրական չէ», - գրանցում է «Երկիր»-ի մեկնաբանը «Ինչու կոշտ ընդդիմությունը չի հասնում իր նպատակին» շրջանակում նաեւ ընդգծելով՝ իշխանությունն էլ ամուր է, արտաքին ու ներքին զգալի նեցուկներ ունի, «այնպես որ, ամենայն հավանականությամբ, «թեժ աշունը» աստիճանաբար կավարտվի «խաղաղ ձմռանն» անցնելով: Իսկ գլխավոր ճակատամարտը ի վերջո սպասվում է 2003 թվականի ընտրությունների ժամանակ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG