Մատչելիության հղումներ

Հայաստանը մտահոգված է Աբխազիայում հայազգի բնակիչների սպանությամբ


Հայաստանը չորեքշաբթի օրը իր մտահոգությունն արտահայտեց Աբխազիայում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ, ինչը հանգեցրել է այնտեղ բնակվող առնվազն 10 հայերի մահվան: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել է, որ Երեւանը կապ է պահպանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ «փորձելով մեղմել հետեւանքները հատկապես հայ բնակչության համար»:

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում պատասխանելով վրաց-աբխազական սահմանում ստեղծված լարված իրավիճակի հետեւանքով հայաբնակ գյուղերի վրա եղած հարցակումների եւ հայ բնակչության շրջանում զոհերի մասին պատգամավորներից մեկի հարցին, նախարարն ասաց, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված են Աբխազիայում ծավալվող իրադարձություններով:

Վարդան Օսկանյանի խոսքերով, երկուշաբթի օրը Կոդորի կիրճի մերձակայքի գյուղերում 14 սպանվածների մեծ մասը, հավանաբար, հայեր են եղել: Աբխազիայի իշխանությունները դատապարտել են հայաբնակ Նոա գյուղի վրա վրացի ու չեչեն զինյալների հարձակումը, եւ հայտարարել են մասնակի զորակոչ:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք, եւ բանակցությունների միջոցով փորձում ենք մեղմացնել հետեւանքները՝ հատկապես հայ բնակչության համար», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Մենք պետք է լինենք շատ շրջահայաց եւ զգոն, եւ որեւէ ձեւով չպետք է թույլ տանք այլ շահագրգիռ կողմերին սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում»:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG