Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մուշեղ Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ինչպիսի՞ն է նախագահի արձագանքը այդ հայտարարությանը»: «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի կողմից իրեն ուղղված այդ հարցին նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանել է. - «Կարծում եմ, քաղաքացի Մուշեղ Սաղաթելյանը իր պարտքը կատարած կլիներ, եթե իր ենթադրությունները հայտներ քննչական խմբին: Իսկ եթե նա գիտեր ինչ-որ բան, որ կարող էր օգտակար լինել քննությանը եւ երկու տարի թաքցրել է, կարծում եմ, համապատասխան մարմինների մոտ նրան ուղղված խիստ որոշակի հարցեր պիտի ծագեն»: Վահե Գաբրիելյանի հայացքով, «իմանալով, որ իրավապահ մարմինները հետաքրքրվում են իր անձով, Մուշեղ Սաղաթելյանը մեղադրանք է ներկայացրել ՀՀ նախագահին ու պաշտպանության նախարարին, որպեսզի հաջորդ քայլով հայտարարի, թե քաղաքացիական արիության, ճշմարտասիրության եւ սեփական կարծիք ունենալու համար իր հանդեպ իշխանությունները հալածանքներ են սկսել: Եվ քանի որ առավել քան ակնհայտ եւ բացատրելի վարքագիծ է, հայտարարության բովանդակությանն արձագանքելը անմտություն կլիներ»:

«Որ մեր երկրում ահաբեկչության, վախի մթնոլորտ կա՝ փաստում է թեկուզ այն արձանագրումը, որ «Առագաստ» սրճարանում օրերս կատարված քստմնելի սպանության բոլոր ականատեսները սարսափից լռում են, ներկայանում կատարվածին անտեղյակ»,- կրկին ուշադրություն է սեւեռել «Երկիր» թերթի մեկնաբանը: - «Դեպքից ավելի քան մեկ շաբաթ հետո էլ դեռ որեւէ մեկը կալանավորված չէ, ինչը հուշում է տեղի ունեցած բռնության բազմաթիվ վկաներից որեւէ մեկի ի հայտ չգալու կամ Երեւանի դատախազությանը կատարվածի վերաբերյալ ցուցմունք տվածների խիստ դեֆիցիտի մասին: Այն աստիճանի սակավության, որ հիմքերը դեռ անբավարար են համարվում որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու համար»: Իրենց սսկվել, աղմուկ չհանել առաջարկողներին մեկնաբանը ակնարկում է. «Հայաստանում չափազանց շատ են «զորեղների» կատարած սպանությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունները՝ բացահայտման գրեթե զրոյական արդյունքով: Այսինքն՝ անհանգստությունը դառը փորձ ունի»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ գրում է. «Իրական մարդասպանը դժվար թե բացահայտվի ու պատժվի: Այս համոզմանը հանգելու համար բավական է հիշել, որ սպանությունից ավելի քան 10 օր անց որեւէ մեկը չի ձերբակալվել, իսկ գործի նախաքննությունը վարող մարմինը դեռ վկաներ է փնտրում: Իսկ իրական մարդասպանը չի բացահայտվում այն պարզ պատճառով, որ նա Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ է: Իսկ թիկնազորից որեւէ մեկին կամ առավել եւս մի քանիսին դատել, կնշանակի նախադեպ ստեղծել»:

Մյուս կողմից, Դաշնակցության խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. «Տեղյակ եմ՝ մարդիկ, ովքեր ականատես են եղել, արդեն վկայություն են տվել իրենց տեսածի վերաբերյալ: Դատելով նախագահի առաջին անձագանքներից՝ վստահ եմ, որ կբացահայտվի ամբողջը, եւ մեղավորները կկրեն իրենց պատիժը: Հուսանք՝ սա կդառնա հիմք նմանատիպ հանցագործությունների կանխման իմաստով»: Աղվան Վարդանյանը համաձայն չէ, թե հանրապետությունում վախի մթնոլորտ է տիրում՝ «Երբ պարտավոր են իբրեւ ականատես գնալ եւ վկայություն տալ դատախազությունում, բայց գնում եւ վկայություն են տալիս այլ տեղերում եւ դա ձեւակերպում են վախի մթնոլորտ, ես այդ անվանում եմ քաղաքական շահարկում եւ ստորություն»:

Ընդհանուր առմամբ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է՝ «թեժ աշուն անհրաժեշտ էր, բայց զուտ աշխատանքի առումով»: Մինչդեռ «այդպիսի աշխատանքի պատրաստ չէ հասարակություն ու իշխանության 90 տոկոսը: Այդ թվում՝ եւ ԱԺ-ն»:

«Իրավունք»-ի խմբագրականում եւս ձեւակերպված է, որ արմատական ընդդիմություն կոչվածը սահմանափակվում է աբստրակտ դատողություններով: «Նախագահի պաշտոնանկության պահանջով պատգամավորական ստորագրահավաքը կրում է զուտ իմիտացիոն բնույթ, քանի որ եւ' ստորագրողներին, եւ' նախագահին քաջ հայտնի է, որ ոչ մի իմպիչմենտ էլ չի լինի: Պարզապես նախագահին թունդ հայհոյելը եւ նրա ոխերիմ թշնամու կեցվածքով հանդես գալը միավորներ է բերում քաղաքական գործիչներին»:

«Իրավունք»-ի մատուցմամբ, գործունեության իմիտացիայով է զբաղված նաեւ նախագահական ճամբարը. «Բնակչությանը հրամցվում են փչովի թվեր... շարունակվում է նաեւ հերթական կարկանդակի արտադրամասի կարմիր ժապավենը նախագահի մակարդակով կտրելու շքերթը: Անվերջանալի է նաեւ մարդկանց վերջնականապես ձանձրացրած պետական ագիտպրոպը, որի նյութերին հետեւելով՝ կարելի է եզրակացնել, որ առնվազն 20 տարով Ամերիկայից առաջ ենք անցել»:

«Հայկական ժամանակ» թերթի գնահատականով, «երեկ ներքաղաքական խմորումների հետագա զարգացման առումով չափազանց կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի կոմկուսի հրավիրած հանրահավաքը տապալվեց... Կոմունիստներն ուզում էին ցույց տալ, որ 25 հազար մարդ կարող են փողոց դուրս բերել, որպեսզի քաղաքական բանակցությունների գնային ընդդիմության հետ», - ծալքերի մեջ է մտնում «Հայկական ժամանակ»-ը: - «Հասկանալի է, որ իշխանափոխության ձգտող քաղաքական ուժերը չէին կարող հաշվի չնստել 25 հազար միտինգավոր ունեցող կոմկուսի հետ եւ ստիպված էին լինելու ապավինել նրա օգնությանը: Եթե այս ձեռնարկը ստացվեր, չէր բացառվում, որ կոմկուսը ընդգրկվեր նաեւ ընդդիմադիր բլոկի մեջ եւ իշխանափոխության ամենակարեւոր պահին պիտի լքեր ընդդիմադիր ուժերին, ինչպես դա տեղի ունեցավ 2000 թվականին: Բայց այս տապալումով ընդդիմությունը ձերբազատվեց Տրոյական ձիուց... Ընդդիմության ճանապարհը գոնե առաջիկայում ազատ է, եթե, իհարկե, նրանք կարողանան հաղթահարել եւս մեկ գայթակղություն. րոպեավճարի դեմ շարժման գայթակղությունը», - եզրափակված է «Հայկական ժամանակ»-ում:

«Իշխանափոխությունը Հայկոմկուսի համար երբեք առանցքային չի եղել եւ չի լինի», - երեկվա իրենց հանրահավաքի շեշտադրումներն է «Հայոց Աշխարհ»-ում մեկնաբանում պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը: - «ՀԺԿ-ն, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները... Ռուսաստան-Բելառուս միության կողմնակիցներ չեն... խորքային համակարգային փոփոխությունների խնդիր, ըստ էության, չեն դնում: Հարցը դնում են միայն իշխանափոխության տեսանկյունից: Այդ դեպքում կոմկուսը միայն բյուրեղացված սոցիալիստական ուժերի հետ կգնա»:

«Ժամանակ» թերթը ուշադրություն է հրավիրում, որ Կոմկուսի էլիտայի ներկայացուցիչները, ինչպես նախկինում, այնպես էլ երեկվա հանրահավաքում, իշխանափոխության հարցում իրենց դիրքորոշումների սկզբունքային լուրջ տարբերություններ դրսեւորեցին: «Կոմունիստների նմանատիպ «խաղերը» վաղուց արդեն չեն զարմացնում: Արդեն հոգնեցնում են», - ամփոփել է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG