Մատչելիության հղումներ

Միջուկային վառելիքը կգնվի մասնավորեցման հատուկ հաշվի միջոցներով


Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պետական գույքի մասնավորեցման հատուկ հաշվում կուտակված գումարներից 4 միլիոն դոլարի վարկ հատկացնել Մեծամորի ատոմակայանին՝ Ռուսաստանի դաշնությունից գնվելիք միջուկային վառելիքի կանխավճարը մուծելու համար։

Կառավարությունն առանց Ազգային ժողովի թույլտվության շատ կարճ ժամկետով կարող է օգտագործել սեփականաշնորհման գումարները՝ վերադարձնելու պայմանով։ Երկար ժամկետի դեպքում Ազգային ժողովը հատուկ օրենք պետք է ընդունի։ Ուստի կառավարությունն այսօր էներգետիկայի նախարարությանը պարտավորեցրեց օգնել ատոմակայանին ԱՊՀ երկրների միջպետական բանկից 15 օրվա ընթացքում վարկ ստանալ, ու վերադարձնել սեփականաշնորհման գումարները։ Դժվար է ասել, թե այս ձեռնարկը որքանով է իրական. մինչ այժմ, համենայնդեպս, այդ բանկի հետ մեր պաշտոնյաների վարված բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։

Մեծամորի ատոմակայանը հուլիսի 10-ին դադարեցրել էր աշխատանքը եւ պլանային վերանորոգումից ու վերաբեռնավորումից հետո պիտի վերագործարկվեր օգոստոսի վերջին։ Սակայն, եթե նույնիսկ այս պահին միջուկային վառելիքի համար անհրաժեշտ ողջ 11 միլիոն դոլարը գտնվի, ատոմակայանը լավագույն դեպքում կսկսի աշխատել այս ամսվա վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Իսկ դա նշանակում է, որ իր հզորությունների մեծ մասով բնական գազի տեղափոխված էներգետիկ համակարգը շարունակելու է կորուստներ տալ։

Հրազդանի ջերմաէլեկտրակայանում միավոր կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ գազի արժեքը մոտ չորս անգամ բարձր է ատոմակայանի արտադրած մեկ կիլովատ-ժամ էներգիա ստանալու համար անհրաժեշտ միջուկային վառելիքի արժեքից։ Ատոմակայանը չաշխատելու յուրաքանչյուր օր նշանակում է լրացուցիչ 2,5 միլիոն խորանարդ մետր գազի ներմուծում։ Իսկ չաշխատած առնվազն երկու ամսվա համար կորուստների ընդհանուր գումարը կազմում է 4,5-5 միլիոն դոլար։

Կառավարությունն այսօր որոշեց հավանություն տալ նաեւ «Նաիրիտ»-ի եւ չինական Շանսի նահանգի սինթետիկ կաուչուկի գործարանի միջեւ կնքած պայմանագրին, որով նախատեսվում է Չինաստանում «Նաիրիտ»-ի տեխնոլոգիայի հիմքի վրա համատեղ ձեռնարկություն ստեղծել։ Հայկական կողմի բաժնեմասը կազմում է 14 միլիոն դոլար` ինժեներական մտքի եւ տեխնոլոգիայի ձեւով, իսկ չինական կողմինը` 21 միլիոն դոլար:

Անցած ամիս կառավարությունը որոշել էր «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը հանձնել ուկրաինական «Ինտեր Կոնտակտ» ընկերությունը, որի դիմաց վերջինս պարտավորվել է ձեռնարկության զարգացման մեջ ներդնել 22 միլիոն դոլար՝ ապահովելով արտադրանքի ողջ տեսականին եւ շուկաները։ Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, ուկրաինական ընկերության դեմ չէ հայ-չինական համագործակցությանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG